Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը փետրվարի 24-ին մեկնել է Կուբա, որտեղ ենթարկվելու է հայտնաբերված ուռուցքի հեռացման վիրահատության: Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, նախագահին ճանապարհելու համար հավաքվել են նրա կողմնակիցները:
Ինքնաթիռ բարձրանալուց առաջ 57-ամյա Չավեսը ներկաներին հայտնել է, որ ինքը կայունություն կցուցաբերի նոր պայքարում և կհաղթահարի առաջ եկած խնդիրները: Վիրահատությունը Կուբայի բժիշկները նշանակել են փետրվարի 27-28-ին:
2011 թ. Չավեսը Կուբայում չարորակ ուռուցքի հեռացման ևս մեկ վիրահատություն տարավ և քիմիաթերապիայի 4 կուրս անցավ: 2012 թ. փետրվարի 21-ին նա վենեսուելական հեռուստատեսության ուղիղ եթերում հայտարարեց, որ իր մոտ նոր ուռուցք է հայտնաբերվել:
Չնայած հիվանդությանը, Չավեսը չի պատրաստվում հեռանալ իշխանությունից և կմասնակցի հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին:









































