Միջազգային հանրությունը պետք է համատեղ ջանքեր գործադրի՝ ստիպելու Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադին հրաժարական տալ: Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ ելույթ ունենալով Դանիայի վարչապետ Հելլե Թորնինգ-Շմիդտի հետ հանդիպումից հետո տված մամլո ասուլիսին:
«Մենք բոլորս տեսնում ենք սարսափելի կադրերը, որոնք ֆիքսում են ավերումները և Հոմսի բնակիչների տառապանքները: Մենք հստակ գիտակցում ենք, որ միջազգային հանրությունը պետք է ակնարկի Սիրիայի նախագահին, որ փոփոխություններ են անհրաժեշտ»,- հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը, որի խոսքերը փոխանցում է Reuters-ը:
Օբաման նշել է, որ այժմ «ճիշտ ժամանակն է դադարեցնել արյունահեղությունը, որն իրականացնում է Սիրիայի կառավարությունն իր ժողովրդի նկատմամբ»: Ընդ որում՝ Վաշինգտոնն իր հերթին պատրաստ է օգտագործել ցանկացած գործիք՝ Բաշար Ալ-Ասադի վրա ճնշում գործադրելու համար:
Հիշեցնենք, որ երեկ Թունիսում տեղի է ունեցել«Սիրիայի բարեկամներ» կոնֆերանսը, որին մասնակցել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Նա իր ելույթում կոչ է արել բոլոր ներկաներին արգելել Ասադի վարչակարգի բարձրաստիճան անձանց մուտք գործել իրենց երկրների տարածք, սառեցնել նրանց հաշիվները և էմբարգո դնել Սիրիա նավթի մատակարարումների վրա, դադարեցնել ներդրումներն այդ երկրում, ինչպես նաև քննարկել սիրիական դեսպանատները և հյուպատոսարանները փակելու հարցը:
ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչները նշել են, որ առայժմ հնարավոր են համարում հարցի քաղաքական լուծումը: Այնուամենայնիվ, նրանք իրենց ելույթներում չեն բացառել ռազմական միջամտության տարբերակը:
Կոնֆերանսին մասնակցող պատվիրակություններն ընդունել են ամփոփիչ հայտարարություն, որի համաձայն որոշվել է նոր տնտեսական պատժամիջոցներ կիրառել Սիրիայի ղեկավարության նկատմամբ՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել բռնությունը երկրում:
«Սիրիայի բարեկամների» հանդիպման ժամանակ նիստը լքել է Սաուդյան Արաբիայի պատվիրակությունը: Ինչպես պարզաբանել է երկրի արտգործնախարար Սաուդ Ալ-Ֆայսալը, Սիրիայում իշխանության փոխանցումը պետք է լինի «կամավոր կամ բռնի»՝ նշելով, որ դա միակ հնարավոր տարբերակն է ճնգնաժամը լուծելու համար: Նրա խոսքերով՝ իր երկրի պատվիրակությունը չի կարող մասնակցել մի կոնֆերանսի, որը չի պահանջում անհապաղ ապահովել Սիրիայի բնակչության պաշտպանությունը:
Սիրիայի պետական հեռուստաալիքն իր հերթին հայտարարել է, որ Թունիսում անցկացվող «Սիրիայի բարեկամների» հանդիպումը «գաղութարարների և արաբ ժողովրդի պատմական թշնամիների հավաքածու է»:
Հիշեցնենք, որ Սիրիայում արդեն մոտ մեկ տարի շարունակվում է հակամարտությունը կառավարական ուժերի և ընդդիմության միջև: Այդ ընթացքում, ՄԱԿ-ի վերջին տվյալներով, զոհվել է 8000 մարդ:








































