Գեղարքունիքի մարզում հանքարդյունաբերությունը հանգեցնում է Սևանի ավազանում ծանր մետաղների ավելցուկի: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Սևանի բնապահպանական տեսչության պետի նախկին տեղակալ Հենրիկ Մարտիրոսյանը` անդրադառնալով լրատվամիջոցներից մեկի այն հրապարակմանը, թե Սևանի ավազանում վանադիումի ավելցուկ է հայտնաբերվել:
Նա նշեց, որ Սևանի ավազանում գերակշռում են ծանր մետաղները, որոնք հանքարդյունաբերության հետևանք են: Ըստ նրա` ծանր մետաղները Սևանի ավազանում հայտնվում են բնության շահագործումից, մասնավորապես՝ հանքարդյունաբերությունից:
«Նախկինում նման դեպքեր չեն եղել, հիմնականում այդ ծանր մետաղները վերջին տարիներին են առաջացել հանքարդյունաբերությունից, դրանք են ցինկ, մոլիբդեն, կոբալտ, պղինձ: Վերջին տարիներին իրենց նշանակալի խոսքն ասում են Սոթքի ոսկու հանքավայրը և Գեղարքունիքի մարզի մյուս հանքերը»,- մեկնաբանեց Հ. Մարտիրոսյանը:
Անդրադառնալով այլ խնդիրների` նա նշեց, որ Սևանի ավազանում միշտ օրակարգային խնդիր է մաքրման աշխատանքները: «Հիմնականում անտառների հատումներն են խնդիր, մաքրվող տարածքների վիճակն է նաև օրակարգային»,- նշեց Հ. Մարտիրոսյանը`հավելելով, որ ձմեռը կավարտվի, և պարզ կդառնա, թե ինչ մաքրման աշխատանքներ են արվել:









































