ՀԱԿ համամասնական ցուցակում «Հանրապետություն» կուսակցությունից միայն Արամ Սարգսյանի ընդգրկված լինելը ՀԱԿ-ի գործունեության մեջ ո՛չ կշիռ կբարձրացնի, ո՛չ կշիռ կիջեցնի: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընտրական և քաղաքական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը նշեց, որ սա զուտ կազմակերպչական խնդիր է և ՀԱԿ-ի վարկանիշի վրա ոչ մի ազդեցություն չի ունենա:
«ՀԱԿ-ում ընդամենը մեկ կուսակցություն կա, որ բավականին ծանրակշիռ նշանակություն ունի՝ ՀՀՇ-ն է, մնացածները, ամեն դեպքում իմ կողմից, դիտարկվում են որպես ՀԱԿ կառուցվածքային կամ տարածքային ստորաբաժանումներ, որովհետև ՀԱԿ-ը ես դիտարկում եմ որպես փաստացի մեկ կուսակցություն, որի մեջ մտնող բազմաթիվ կուսակցությունները կարելի է դիտարկել որպես ստորաբաժանումներ»,- ասաց Ա. Բադալյանը:
Փորձագետը կանխատեսեց, որ կգա ժամանակ, որ ՀԱԿ-ը դաշինքից կվերածվի մեկ կուսակցության: Ըստ նրա՝ դա իհարկե մոտ ժամանակների խնդիր չի, բայց մոտակա մի քանի տարվա ընթացքում այդ հարցը կլուծվի: «Հիմա նաև կուսակցությունների մեջ մի մանիա է մտել՝ ցուցակների պարզումը: Ախր, այդ ցուցակը երկրորդական է, կարևորը քաղաքական բովանդակությունն է»,- կարևորեց Ա.Բադալյանը:









































