Համեմատաբար թույլ երաշտը, ամենայն հավանականությամբ, բավական էր մինչև մ.թ. 950 թ. ժամանակակից Մեքսիկայի և Գվատեմալայի տարածքներում ծաղկում ապրած մայաների դասական քաղաքակրթությանը վերջ տալու համար:
Երկար ժամանակ գիտնականները ենթադրում էին, որ մայաների անհետացումը կարող էր պայմանավորված լինել խիստ չոր պայմաներով: Սակայն բրիտանացի և մեքսիկացի հետազոտողները եկել են այն եզրակացության, որ տեղումների քանակի 25-40%-ով իջեցումը բավական էր, որպեսզի այդ տարածաշրջանում չորանային ջրի սեզոնային աղբյուրները: Այս մասին ասվում է Յուկատայի կենտրոնի և Սաութհեմփթոնի համալսարանի անցկացրած հետազոտական աշխատանքում, որը հրապարակվել է Science ամսագրում:
Գիտնականներն օգտագործել են մոդելավորման բարդ սխեմաներ՝ տեղումների մակարդակի նվազման և 800-950 թթ. մայաների անհետացման միջև կապ գտնելու համար:
Նրանք պարզել են, որ տեղումները քանակի անգամ աննշան իջեցումը միանգաման բավարար է ցածրադիր Յուկատանում, որտեղ գետեր չկան, ջրի պաշարների սպառման համար:
«Բնական կյանքի պայմանների խախտումը և քաղաքների զանգվածային ամայացումը, հավանական է, ջրի պակասի հետևանք են՝ հատկապես հաշվի առնելով, որ նման բազմամյա երաշտներ հաճախ են կրկնվել»,- ասել է Սաութհեմփթոնի համալսարանի գիտնական Իլկո Ռոհլինգը:
Հարկ է նշել, որ այժմ նույնպես, կապված գլոբալ տաքացման հետ, տարածաշրջանում կանխատեսվում են նման երաշտներ:
«Այդ խնդիրը բացառիկ չէ Յուկատան թերակղզու համար, այն վերաբերում է նման պայմաններ ունեցող ցանկացած տարածաշրջանի»,- ասել է գիտնականը:
Երկար տարիներ հնագետները շարունակում են վիճել՝ ի՞նչն է եղել մայաների քաղաքակրթության անհետացման պատճառը: Երաշտից բացի, հնարավոր պատճառներ են համարվում քաղաքացիական հակամարտությունը, որևէ հիվանդության համաճարակը կամ զանգվածային անտառահատումը:








































