«Վանադիում միշտ էլ եղել է մեր ջրերում, և դա նոր չի հայտնաբերվել: Այն կա նաև Համաշխարհային օվկիանոսում: Պարզապես եղել են ամիսներ, երբ հետազոտությունների արդյունքում տվյալ չի գրանցվել, սակայն դա չի նշանակում, թե Սևանում վանադիումը վերջերս է հայտնաբերվել»,- այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ բնապահպանության նախարարության Հայէկոմոնիթորինգ կենտրոն ՊՈԱԿ տնօրենի տեղակալ Սեյրան Մինասյանը: Ըստ նրա` որպեսզի այդ կոնցետրացիան հայտնվի Սևանում, առնվազն 200 տոննա վանադիում պետք է բերել և լցնել այնտեղ: Սևանում միշտ բարձր է եղել մագնեզիումի քանակը. «Բնական վիճակը համարել աղտոտվածություն` գիտական տեսանկյունից ճիշտ չէ»: Խոսելով Երևանյան լճում առկա վանադիումի պարունակության մասին` նա նշեց, որ դրա մի մասը բնական է, իսկ մյուս մասը` անտրոպոգեն:
Բնապահպան Կարինե Դանիելյանը անդրադարձավ Երևանյան լճին և նշեց, որ այն իսկապես ահավոր վիճակում է, և դա նորություն չէ. «Մաքրման մի շարք եղանակներ են մշակվել, սակայն տեխնիկական կամ ֆինանսական պատճառներով դա իրականացնել չի հաջողվում: Մեր մաքրման կայանները շարքից դուրս են եկել, և ամբողջ խնդիրը հենց դա է»:
Անդրադառնալով Սևանա լճի թեմային՝ բնապահպանը նկատեց, որ այնտեղ կատարվել են մի շարք աշխատանքներ, և Սևանում մենք ունենք խիստ դրական շարժ. «Ես չեմ ասում, թե Սևանում խնդիրներ չկան, պարզապես դրանք կապված չեն վանադիումի քանակության հետ: Սևանում շատ լուրջ խնդիր է Շորժայի և Սոթքի մոտ կատարվող հանքարդյունաբերությունը, որը թեև օրենքի սահմանում է, սակայն խիստ վնաս է պատճառում լճին»:










































