Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի պաշտպանության նախարար, գեներալ Ահմադ Վահիդին հայտարարել է, որ գոյություն ունեն մի շարք շրջանակներ, որոնք ձգտում են խաթարել Իրանի և Ադրբեջանի միջև բարիդրացիական հարաբերությունները.
«Իրանը մշտապես ձգտել է զարգացնել հարևան երկրների հետ բարեկամական կապերը: Մենք հուսով ենք, որ Ադրբեջանի կառավարությունը կձեռնարկի միջոցներ, որպեսզի այսուհետ չկրկնվեն իր տարածքում Իրանի քաղաքացիների ձերբակալությունների նման միջադեպերը:
Մենք նաև հուսով ենք, որ Ադրբեջանի կառավարությունը վերահսկողության տակ կառնի այն խմբերի գործունեությունը, որոնք ձգտում են սահմանափակել երկու երկրների կապերը»:
Վահիդին անդրադարձել է նաև օրեր առաջ իրանական երկու ռազմանավերի կողմից սիրիական Տարտուս նավահանգիստ մտնելուն, ինչը մի շարք արևմտյան լրատվամիջոցներում աժիոտաժ էր բարձրացրել.
«Իրանը մշտապես գործում է ելնելով սեփական շահերից: Իրանը երբեք սպառնալիքներ չի հնչեցնում որևէ մեկի հասցեին, անգամ ԱՄՆ-ի: Միևնույն ժամանակ մեր երկիրը թույլ չի տա, որպեսզի խախտվեն մեր իրավունքները, և չի հանդուրժի հակառակորդների սպառնալիքներն ու ինտրիգները»:










































