TRT-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Ստամբուլում տեղի է ունեցել «Արաբական գարունը և Թուրքիան» խորագրով կոնֆերանս, որին մասնակցել է նաև Եվրամիության հարցերով թուրք պետնախարար Էգեմեն Բաղըշը:
Իր ելույթում Բաղըշը հայտարարել է. «Թուրքիան դժվարին առաքելություն է ստանձնել արաբական գարնան գործընթացում: Տարածաշրջանում Թուրքիայի ազդեցությունն իր ներդրումն է ունենում Արևմուտքի հետ արաբական երկրների հարաբերությունների հաստատման հարցում: Արաբական երկրները գիտակցում են Թուրքիայի սկզբունքային դիրքորոշումը:
Այո, Թուրքիան կայացրել է մի շարք դժվարին, սակայն սկզբունքային որոշումներ: Տարածաշրջանի մարդիկ գիտակցում են դա: Հենց այդ պատճառով էլ գիշերվա ժամը 02.00-ին Կահիրեի օդանավակայանում Էրդողանին դիմավորել է 20,000 մարդ: Հենց դրա համար է, որ Քեմերոնին ու Սարկոզիին Լիբիայում լսում են ընդամենը 300 մարդ, իսկ Էրդողանին՝ 30,000 մարդ:
Թուրքիայի՝ տարածաշրջանի ազդեցիկ երկրի վերածվելը իր դերն է խաղացել նաև ԵՄ-ին անդամակցության գործընթացում: Տվյալ ուղղությամբ Թուրքիայի գործադրած քայլերի, արևմուտքի, արևելքի, հյուսիսի ու հարավի երկրների հետ լավ հարաբերություններ ունենալու շնորհիվ երկիրը վերածվել է ազդեցիկ ուժի, որի հետ պետք է հաշվի նստել»:










































