Մեծ Բրիտանիայում նավթի գինը տարեկան ռեկորդ է սահմանել՝ հասնելով 121.92 դոլարի (77.77 ֆունտ ստերլինգ): Ինչպես գրում է բրիտանական The Guardian թերթը, 1 բարել նավթի արժեքը գերազանցել է Լիբիայի քաղաքացիական պատերազմի ֆոնին 2011 թ. սահմանված ռեկորդը:
Անցյալ տարի նավթի գների աճի հետևանքով տեղի ունեցավ ինֆլյացիայի կտրուկ աճ, որը տարվա կտրվածքով Մեծ Բրիտանիայում կազմեց 5%: The Financial Times-ը գրում է, որ նավթի թանկացումը բացասաբար կանդրադառնա տնտեսական աճի տեմպերի վրա: Պարբերականի հետ զրուցած փորձագետներ կարծում են, որ նավթային ինֆլյացիայի դեմ պայքարը պետք է առաջնային դառնա երկրի կառավարության համար:
Փետրվարի 21-ի դրությամբ՝ ԱՄՆ-ում նավթի գնի մեկ բարելը 106 դոլար է, ինչը առավելագույնն է վերջին 9 ամիսների ընթացքում: Թրեյդերները բարձրացում են նավթի գինը՝ սպասելով դրա դեֆիցիտին՝ կապված Իրանի կողմից սահմանված էմբարգոյի հետ:
Եվրամիության երկրները համաձայնության էին եկել մինչև տարվա կեսերը դադարեցնել նավթի ներմուծումը Իրանից: Սակայն փետրվարի կեսերին որոշ ԶԼՄ-ներ տեղեկություն տարածեցին, որ Իսլամական Հանրապետությունն ինքն է դադարեցրել նավթի արտահանումը Եվրոպա: Պաշտոնական Թեհրանն այս տեղեկությունը չի հաստատել:








































