ՀՀ կառավարությունն այսօր նիստում որոշեց «Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի հենակետային վարժարան» և Երևանի «Մ. Աբեղյանի անվան N 3 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ները միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան» ՊՈԱԿ-ին։ Ակնկալվում է, որ դրանով իսկ կստեղծվեն բարձրորակ կրթության ապահովման լավ պայմաններ, կրթական ուսումնական հաստատությունները կհամալրվեն գիտական ուղղվածություն ունեցող մանկավարժական ներուժով, սովորողների մեջ հետաքրքրություն կառաջանա տեխնիկական գիտությունների նկատմամբ։ Մեկ այլ որոշմամբ Սպիտակի Դ. Տեր-Սիմոնյանի անվան N2 միջնակարգ դպրոցն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության «Սպիտակի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ին` նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու համար։
Գործադիրը ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությանը թույլատրել է իրեն սպասարկող տեղական գանձապետական բաժանմունքում բացել մինչև 2013 թ. դեկտեմբերի 31-ը գործողության ժամկետով բանկային հաշիվ` ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի Հայաստանի գրասենյակի հետ կնքված ենթահամաձայնագրերով իրականացվելիք ծրագրերով նախատեսված աշխատանքների կատարման նպատակով հատկացվող գումարներն օգտագործելու համար։
Գործադիրը համաձայնություն է տվել «ՀՀ կառավարության և Եվրոպայի խորհրդի միջև Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի և դրա իրավական կարգավիճակի մասին» փոխըմբռնման հուշագրի կնքման առաջարկությանը։
Գործադիրը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի Հանրապետության կառավարությունների միջև դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի վերացման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը։
Նիստում համաձայնություն է տրվել Հայաստանի Հանրապետության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարությունների միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը։










































