Մեկնարկեց «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստների, սևազգեստ որդեկորույս մայրերի երթը դեպի նախագահական նստավայր:
Քիչ առաջ կառավարության շենքի բակից «Ո՛չ ինքնասպանություններին, տխրություններին բանակում», «Հայրենի՛ք, պաշտպանի՛ր պաշտպանիդ» պաստառներով և իրազեկող թռուցիկներ բաժանելով՝ ակտիվիստները շարժվեցին դեպի նախագահական նստավայր: Նրանց նպատակն է ևս մեկ անգամ հիշեցնել, որ ՀՀ զինված ուժերի կողմից ամեն տարի, ամեն ամիս, ամեն օր ոտնահարվում են մարդու` ծառայողների իրավունքները, վերադասի և ծառայակից ընկերների կողմից ենթարկվում են ֆիզիկական և հոգեբանական բռնության, ոչ պատշաճ վերաբերմունքի: Արդյունքում նրանցից շատերը տուն են վերադառնում խեղված առողջությամբ, իսկ ոմանք չեն վերադառնում:
Ըստ «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության՝ խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մահվան հանգամանքները, որպես կանոն, կոծկվում են պաշտպանության նախարարության և զինվորական դատախազության ջանքերով: Սպանությունները ներկայացվում են որպես ինքնասպանություն կամ դժբախտ պատահար:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում բանակում խաղաղ պայմաններում սպանված Արտակ Նազարյանի քույրը` Ծովինար Նազարյանը, նշեց՝ եղբոր սպանության գործով դատավարությունը ցույց է տալիս, որ փորձ է արվում սպանության հանգամանքները կոծկել, և նա համոզված է, որ դա նաև բարձրաստիճան պաշտոնյաների կողմից է հովանավորվում:
Այս պահին երթին են միացել հրապարակախոս Արա Նեդոլյանը, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» կազմակերպության ներկայացուցիչ Սոնա Այվազյանը, ակտիվիստներ ու որդեկորույս մայրեր:










































