Այսօր «Էրեբունի պլազայում» տեղի կունենա Հանրային խորհրդի քննարկումը Մաշտոցի պուրակում տեղադրված էլիտար կրպակների վերաբերյալ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց բնապահպան, ակտիվիստ, իրավաբան Մերի Խաչատրյանը` նշելով, որ այն լեգիտիմ կառույց չէ, և ընդունած որոշումներն ընդամենը խորհրդատվական բնույթի են լինելու և իրական տեսանկյունից` պարտադիր բնույթ չեն կրում, հետևաբար մեր նախաձեռնության անդամների մեծամասնությունը որոշեց, որ մեզանից որևէ ներկայացուցիչ չի մասնակցելու և, բացի այդ կոչ ենք անում հանրային խորհրդին, որ իր անվանը համապատասխան իր անդամների հետ այցելի հանրային տարածք` Մաշտոցի այգի, որպեսզի այգու բոլոր պաշտպանները կարողանան մասնակցել այդ քննարկմանը, իրենք իրենց աչքով տեսնեն և համոզվեն, որ Երևանի քաղաքապետի որոշումն անհիմն է:
Քննարկմանը մասնակցելու է ՀՀ հանրային խորհրդի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի անդամԿարինե Դանիելյանը:
Մերի Խաչատրյանը, սակայն, մտահոգություն հայտնեց, որ խնդիրը կքննարկվի, բայց իշխանության համար ոչ մի նշանակություն չի ունենա, ուստի բնապահպանները կցանկանային Մաշտոցի պուրակում հանդիպել քաղաքապետի հետ: «Տեղում կհանդիպեինք և կքննարկեինք հարցը, նա կտեսներ, թե որքան անհեթեթ է այդ կրպակները պուրակում տեղադրելու որոշումը»,- նշեց իրավաբանը`հավելելով, որ Հանրային խորհրդում տեղի ունեցող հանդիպում-քննարկումը մեծ նշանակություն չի կարող ունենալ:
Հիշեցնենք, որ այսօր 13-րդ օրն է, ինչ բնապահպանական քաղաքացիական նախաձեռնությունները պայքարում են Մաշտոցի պուրակում էլիտար կրպակների տեղադրման դեմ: Ըստ նրանց` հանրային տարածքը պետք է ծառայի հանրության, այլ ոչ մասնավոր անձանց շահին:








































