Վրացական GHN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կովկասի հարցերով վրացի փորձագետ Մամուկա Արեշիձեն անդրադարձել է երեկ առավոտյան Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբի դեմ իրականացված մահափորձին.
«Իր ակտիվությամբ Անկվաբը խանգարում է շատ մարդկանց, ընդ որում՝ դա վերաբերում է թե՛ Սուխումին, թե՛ Մոսկվային: Անկվաբի դեմ մահափորձի մեջ ես առաջին հերթին կասկածում եմ տեղի կոռումպացված չինովնիկներին: Տեղի չինովնիկների կոռումպացված ընտրանին այն մարդիկն են, որոնց Անկվաբը խանգարում է իր գործունեությամբ:
Այն բանից հետո, ինչ Անկվաբն ընտրվեց նախագահ, նա պատերազմ հայտարարեց հենց այդ մարդկանց, որոնց առաջադրանքը հանդիսանում է Ռուսաստանից փոխանցված գումարները գրպանելը: Անկվաբը բավական կոշտ մարդ է, նրա թիրախում մշտապես եղել են այդ մարդիկ: Հենց Անկվաբը դարձավ նախագահ, նա դատախազությանը ստուգման նպատակով ուղարկեց ՆԳՆ:
Մյուս կողմից էլ ես կարծում եմ, որ հնարավոր է՝ այդ մահափորձը ձեռնտու լինի հենց իրեն՝ Անկվաբին, քանի որ այժմ նրա ձեռքերն ավելի արձակված կլինեն այդ մարդկանց դեմ պայքար մղելու համար»:
Հիշեցնենք, որ սա 5-րդ մահափորձն էր Ալեքսանդր Անկվաբի դեմ, որը նախկինում վարել է Աբխազիայի վարչապետի 7 փոխնախագահի պաշտոնները: 2 մահափորձ իրականացվել է 2005 թվականին, իսկ մեկական մահափորձ՝ 2007 և 2010 թվականներին:
Անկվաբն Աբխազիայի նախագահ է ընտրվել 2011 թվականի օգոստոսի 26-ին՝ նախագահական ընտրությունների առաջին փուլում հավաքելով քվեների 54.86 տոկոսը (58,657 քվե):









































