Դամասկոսը բոլոր օտարերկրյա լրագրողներին, ովքեր անօրինական են գտնվում Սիրիայի տարածքում, խնդրում է կապվել իշխանությունների հետ և հայտնել երկրում իրենց ներկայության մասին: Այս մասին, ըստ 1news.az–ի, հայտնում է տեղեկատվության նախարարությունը՝ պետական հեռուստատեսության եթերում տարածված հայտարարության մեջ:
«Նախարարությունը բոլոր օտարերկրյա լրագրողներին, ովքեր անօրինական են գտնվում Սիրիայի տարածքում, խնդրում է դիմել մոտակա միգրացիոն կենտրոն, որպեսզի իրավիճակը կարգավորվի գործող օրենսդրությամբ»,- հաղորդում է տեղական հեռուստատեսությունը:
Այսօր Հոմսում զոհվել են երկու օտարերկրյա լրագրողներ. բրիտանական Sunday Times թերթի թղթակից, ամերիկուհի Մերի Քոլվինը և 28-ամյա ֆրանսիացի ֆոտոլրագրող Ռեմի Օշլիկը: Նրանք այլ լրագրողների հետ միասին գտնվել են այն շինություններից մեկում, որտեղ պայթյուններ են եղել: Նախնական տվյալներով՝ կրակոցների արդյունքում տուժել է 5 լրագրող, որոնց թվում են Figaro ֆրանսիական թերթի թղթակից Էդիթ Բուվյեն, ում ոտքը վիրավորվել է: Այս դեպքից հետո Սիրիայի տեղեկատվության նախարար Ադնան Հասան Մահմուդը հայտարարել է, որ Դամասկոսը որևէ տեղեկություն չի ունեցել այն մասին, որ մահացած լրագրողները գտնվում էին երկրում:
Օշլիկը Սիրիայում զոհված երկրորդ ֆրանսիացի լրագրողն է՝ անցած տարվա մարտին սկսված բախումների սկզբից ի վեր:









































