Կարինե Խոդիկյանը չի հավատում Մաշտոցի պուրակի վերաբերյալ իշխանության երկխոսելու ցանկությանը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց դրամատուրգ, մշակույթի նախկին փոխնախարար Կարինե Խոդիկյանը` խոսելով Մաշտոցի պուրակում տեղադրվող էլիտար կրպակների դեմ ծավալված հանրային բողոքի ալիքի շուրջ:
Ըստ նրա` իշխանությունները ոչ մեկ անգամ են ցույց տվել, որ իրենց առջև խաղ չկա և այդ սկզբունքով են առաջ շարժվում նաև հիմա, իսկ երիտասարդական մաքսիմալիզմը, համառությունը հիմա դեմ է ելել այդ հզոր կարգախոսին:
«Այն երիտասարդները, ովքեր այս սառնամանիքին և ցրտին բիրտ ուժի տակ չեն երկնչում, ինձ հույս է տալիս, որ ի վերջո, ինչ ուզում են ասել, Հայաստանում միտքը, կամքը վերջնականապես չի ուծացել: Ես երիտասարդների կողքին եմ բնականաբար և ողջունում եմ նրանց վճռականությունը և միայն մի հարց եմ ցանկանում ուղղել այս իշխանություններին. Ինչո՞ւ Փափազյան փողոցի կրպակատերերի սեփականության իրավունքը հեշտ ու հանգիստ անտեսվեց, իսկ այս դեպքում` հակառակը»,- մտահոգ նշեց Կ. Խոդիկյանը`հավելելով, որ Մաշտոցի պուրակում էլիտար կրպակների տեղադրման որոշումը գործող քաղաքապետինը չէ:
Նրա խոսքով`տարիներ առաջ որոշում կայացվեց Աբովյան փողոցում բուտիկներ տեղադրել և հաջորդ քաղաքապետերը, մեկը մյուսին փոխանցելով, այսօր նման որոշում կայացվեց: Սակայն ըստ դրամատուրգի` գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում: «Տ. Մարգարյանն այսօր պատասխան է տալիս ուրիշների գործողությունների համար: Ես ավելի շատ կցանկանայի, որ Տարոն Մարգարյանն իրեն զգար Երևանի քաղաքացիների քաղաքապետ, քան մի բուռ ավելի քան հավասարների քաղաքապետ»,- հավելեց Կ. Խոդիկյանը:
Անդրադառնալով երիտասարդների այն հայտարարություններին, թե Մաշտոցի պուրակի համար պայքարը քաղաքական չէ` ասաց, որ երիտասարդներին պարզապես այդպես է թվում, քանի որ նրանք իրենցից անկախ հայտնվել են քաղաքականության մեջ: «Այսօր իրենց կռիվը նրանք համարում են զուտ բնապահպանական, իսկ հասարակության կողմից դա որպես քաղաքական բողոք է ընկալվում: Նրանք ասում են. «Մենք ենք այս քաղաքի տերը»: Դրանից ավե՞լ քաղաքական կարգախոս»,- եզրափակեց իր խոսքը դրամատուրգ Կարինե Խոդիկյանը:








































