Թուրքական Star թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը երեկ Ստամբուլում ընդունել է պաշտոնական այցով Թուրքիա ժամանած Չինաստանի փոխնախագահ Սի Ցզինպինին: Վերջինս դրանից ժամեր առաջ հանդիպել է նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ, ապա մեկնել է Ստամբուլ:
Դոլմաբահչե վարչապետական նստավայրում կայացած հանդիպմանը մասնակցել է նաև Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Հանդիպման ժամանակ կողմերը գոհունակություն են հայտնել Թուրքիայի ու Չինաստանի միջև տնտեսական համագործակցության կապակցությամբ:
Ցզինպինը Թուրքիան որակել է որպես տարածաշրջանային խոշոր պետություն: Բացի այդ, նա Էրդողանին մաղթել է շուտափույթ առողջացում երկրորդ վիրահատությունից հետո և նրան հրավիրել է Չինաստան: Էրդողանը դրական պատասխան է տվել:
Թերթը գրում է, որ Ցզինպինի թուրքական այցի շրջանակներում ստորագրվել են 10 միլիարդ դոլարի 7 միջկառավարական համաձայնագրեր: Ներկայումս երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմում է 25 միլիարդ դոլար, իսկ մինչև 2020 թվականն այդ ցուցանիշը հասցվելու է 100 միլիարդ դոլարի:










































