Մի խումբ մտավորականներ ազատ և անկախ ընտրություններ անցկացնելու նպատակով միացել են Դեմոկրատական կուսակցությանը: Նրանք միասին կազմել են դիմում՝ ուղղված ՀՀ քաղաքացուն: Դիմումում մասնավորապես նշված է.
«Պահն է, որ մենք՝ ՀՀ քաղաքացիներս, մեզ վայել արժանապատվությամբ թոթափենք վախի զգացումը, չենթարկվենք ճնշումների և ընտրակաշառքի, սուտ խոստումների գայթակղությունների, թույլ չտանք, որ փորձեն մեզ պարտադրեն, որ մեր ձայնը այս կամ այն կերպ վաճառվի: Դուք պետք է հավատաք ձեր ուժերին»:
Այս հարցի շուրջ ՀԴԿ գրասենյակում քննարկում ծավալեցին դիմումին միացած մտավորականներից մի քանիսը:
Բանասիրական գիտությունների դոկտոր Ազատ Եղիազարյանը խոսելով հարցի մասին՝ նշեց. «Մենք չպետք է այնքան միամիտ լինենք և կարծենք, թե ԱՄՆ-ն կամ Ռուսաստանը մեզ կօգնեն: Մենք պետք է ինքներս մեր հարցերը լուծենք ու մեր գլխի տերը լինենք: 5000 դրամ կաշառքը կամ Ամերիկա փախչելը մեզ ոչինչ չի տալու»:
Ըստ ԳԱԱ ակադեմիկոս Լենսեր Աղալովյանի՝ ստեղծված իրավիճակի մեղավորը մտավորականությունն է, քանի որ անկախությունից հետո մենք չունեցանք մտավորականության այն կորիզը, որն իր ուսերին կվերցներ անաչառ ընտրությունների ծանր բեռը:
«Պետք է ամեն ինչ անել, որ այս ընտրությունները ինչ-որ կերպ արդար ընթանան, կարևոր չէ՝ կլինեն համամասնական, թե մեծամասնական, կարևորը լինեն արդար»: Ռեժիսոր Արամ Գյուրջյանը քաղաքացիներից խնդրում է ոչ թե իրենց ձայնը տալ, այլ իսկապես կատարել ընտրություն:
«Մենք չենք մասնակցում նախընտրական պայքարին: Այս դիմումը ոչ կողմ է ինչ-որ մեկին, ոչ էլ դեմ, սա պարզապես կոչ է ՀՀ քաղաքացուն»:









































