Մամուլի ազգային ակումբում այսօր տեղի ունեցավ քննարկում՝ «Հասարակական տրամադրությունները Հայաստանում նախընտրական այս փուլում» թեմայով։ Լրագրողների հետ հանդիպման էր հրավիրվել Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գևորգ Պողոսյանը:
Ներկայացնելով իրենց վերլուծությունները փետրվարի կեսերի դրությամբ՝ սոցիոլոգը նշեց, որ գլխավոր առանձնահատկությունն այն է, որ եթե նախկինում պայքարում էին իշխանությունն ու ընդդիմությունը, այժմ պայքարը տեղափոխվել է իշխանական դաշտ՝ կպայքարեն ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն:
«Կարևոր է, որ այս իշխանական կուսակցությունների պայքարը չվերածվի ծեծկռտուքի »,- նշեց Գևորգ Պողոսյանը՝ հավելելով, որ ցածր վարկանիշով, բայց անցողիկ տեղում կլինի ՀԱԿ-ը:
Ըստ նրա՝ այնքան էլ միանշանակ չէ, թե արդյոք Դաշնակցությունը, «Ժառանգությունը» և «Օրինաց երկիրը» կհայտնվե՞ն խորհրդարանում, թե՞ ոչ. ամեն ինչ կախված կլինի քարոզարշավի կազմակերպումից :
«Քաղաքացիական ակտիվությունը մեծացել է հատկապես երիտասարդների շրջանում, քաղաքացին ավելի պահանջկոտ է դարձել: Բավականին լուրջ պայքար է լինելու, իշխանական կուսակցությունների համար այնքան էլ հեշտ չի լինելու ստանալ ընտրողների ձայները: Միայն մեկ կուսակցություն մեծամասնություն չի կարող ունենալ ԱԺ ընտրություններում»,- համոզված է Գևորգ Պողոսյանը: Նա քաղաքացիական ակտիվությունը պայմանավորեց «Արաբական գարնան», Ռուսաստանում ծավալվող դեպքերի հետ:










































