Պաղեստինի պաշտոնյաներն ասում են, որ ավելի քան 9 շաբաթ տևած հացադուլից հետո Խադեր Ադնանը համարվում է հացադուլի տանջանքներին ամենաերկարը դիմացած պաղեստինցի բանտարկյալը։
Ադնանն իր հացադուլը սկսել էր դեկտեմբերի 18-ին` իր ձերբակալությունից մեկ օր անց:
Այսօր՝ 66-րդ օրը նա հացադուլը վերջապես դադարեցրեց այն բանից հետո, երբ Իսրայելի և Պաղեստինի օրենսդիրները համաձայնագիր ստորագրեցին, ըստ որի՝ Ադնանին ազատ կարձակեն ապրիլի 17-ին:
Նրա հացադուլի նպատական էր բողոքել առանց մեղադրանքների կալանքի տակ պահվելու դեմ, որը հայտնի է «վարչական կալանք» անունով:
Քայքայված առողջության պատճառով 33-ամյա բանտարկյալը, ով նաև քաղաքական ակտիվիստ է, տեղափոխվել է Իսրայելի հյուսիսում գտնվող հիվանդանոց, որտեղ բժիշկներն ասել են, որ նա անկասկած կմահանար, եթե 10 շաբաթից ավել շարունակեր հացադուլը:









































