Մաշտոցի պուրակը բիզնեսի համար ամենայուղոտ պատառներից է: Այս մասին Մաշտոցի պուրակում «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց հայագետ, կինոգետ, պատմաբան Արծվի Բախչինյանը`գնահատելով Մաշտոցի պուրակում էլիտար կրպակների տեղադրման շուրջ առաջացած հանրային բողոքի ալիքը: Նա նշեց, որ Հայաստանում ամեն քայլափոխի ականատես ենք լինում օրենքի խախտումների, Մաշտոցի պուրակում իրականացվող էլիտար կրպակների շինարարությունը հերթական օրենքի խախտումն է:
Նրա կարծիքով` հանրային տարածքն իրավունք չկա կառուցապատելու: «Այս տարածքը պատկանում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու: Սա մասնավոր բիզնեսի տեղ չպետք է դառնա: Այս տարիներին մենք տեսանք, որ Երևանը գեղեցկացնելու, կառուցապատելու անվան տակ կանաչ գոտիները, պատմական շենքերը վերացվեցին, քաղաքը լցվեց տգեղ, անդեմ շինություններով, քաղաքը զրկվեց իր թթվածնից, մարդիկ`հանգստի գոտիներից հանուն մի քանի օլիգարխի: Եթե այս հարցը նույնպես տանուլ տանք, մեր տներից մեզ կսկսեն հանել. ինչպես մի քանի տարի առաջ մի քանի կենտրոնական փողոցներում նման պատրվակով մարդկանց բնակարանները վառում էին և դուրս էին հանում՝ դա բոլորիս է սպառնում»,- մտահոգ նշեց Արծվի Բախչինյանը`հավելելով, որ սա միայն մեկ խմբի հարց չէ:
«Երևանում ուրիշ տարածք չկա՞, բայց ամենայուղոտ պատառներն, իհարկե, կենտրոնում են, Մաշտոցի պողոտայում և հանուն բիզնեսի զրկում են մեզ մեր իրավունքներից»,- եզրափակեց հայագետ Արծվի Բախչինյանը:
Հիշեցնենք, որ Մաշտոցի այգում ընթացող էլիտար կրպակների դեմ բողոքի ակցիաներին միացել են բազմաթիվ մտավորականներ, երգիչներ, դերասաններ:










































