Ինչպես տեղեկացնում է korrespondent.net-ը, անգլիական Սաֆֆոլկ կոմսությունում բնակվող մի ընտանիք վառարանի մեջ հայտնաբերել է 2 բու. թռչունները վառարանն էին մտել տաքանալու համար:
Բևերլի և Քեննեթ Պարկերները թռչուններին գտել են ճանապարհորդությունից վերադառնալուց հետո: Վառարանն այդ ընթացքում չէր վառվել:
Երբ Պարկեր ընտանիքը տեսել է թռչուններին, նրանք նստած էին մոխրի վրա` միմյանց ամուր սեղմված: Թե ինչքան ժամանակ են անցկացրել վառարանի մեջ՝ հայտնի չէ: Ըստ թերթի` բուերը, հավանաբար տաքություն զգալով, վառարան են մտել ծխնելույզի միջով:
Նրանց փոքր-ինչ դիտելուց և լուսանկարելուց հետո Պարկեր ընտանիքը անկոչ հյուրերին բաց է թողել: «Լավ է, որ վառարանը չվառեցինք, եթե այն վառեինք, այս պատմությունը լավ ավարտ չէր ունենա»,- նշել է Բևերլի Պարկերը:
Ըստ մասնագետների` թռչունների նման պահվածքը բացատրվում է ջերմաստիճանի կտրուկ անկմամբ, նրանք մոլորվել են ցրտից և ցանկացել տաք տեղ գտնել:
Հիշեցնենք, որ վերջերս Անգլիայում ջերմաստիճանի կտրուկ անկում է արձանագրվել:







































