Բրիտանացի հնգամյա Զակ Էյվերին դարձել է Մեծ Բրիտանիայի ամենաերիտասարդ բնակիչը, ում տրվել է «գենդերային ինքնության խանգարում» ախտորոշումը: Երեխայի` մասնագիտությամբ հոգեբան ու բժիշկ ծնողները չեն արգելել տղայի` աղջիկ դառնալու որոշումը: Այս մասին գրում է The Daily Mail-ը:
Զակի մոր խոսքով` ավելի վաղ իր երեխան սովորական տղա էր, որը սիրում էր եղբոր՝ Ալեքսի հետ խաղալ գնացքով, սակայն ինչ-որ պահի նա սկսեց տարվել մուլտֆիլմերով ու արքայադուստրերով, ինչից հետո նրա աշխարհայացքը կտրուկ փոխվեց: Երեք տարեկանում տղան հայտարարել է. «Մայրիկ, ես աղջիկ եմ»:
Սկզբում մտածել են, թե դա սովորական խաղ է, սակայն տղան ցանկացել է ունենալ աղջկա տեսք ու պահել է իրեն ինչպես աղջիկ: Ի վերջո, ծնողները նրան տարել են մանկական հոգեբանի մոտ ու լսել վճիռը` «Ձեր երեխան ունի աղջկա ուղեղ, տղայի մարմին»:
Հիմա տղայի զգեստապահարանը լի է աղջկա հագուստներով, նա խաղում է տիկնիկներով ու մազերը հյուսում:
Ինչպես գրում է Associated Press-ը, աշխարհում աստիճանաբար աճում է այն դեռահասների ու փոքրահասակ երեխաների թիվը, որոնց բժիշկները սեռափոխության են ենթարկում: Ընդ որում` երեխաների ծնողները գրեթե միշտ դեմ են վիրահատությանը:









































