Մաշտոցի այգու պահապանները, «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության անդամները կոչ են անում բոլոր հայտնի մարդկանց միանալ այգու, Երևանի իրավունքների պաշտպանությանը:
«Հանրային շահը վեր է մասնավոր շահից: Հայաստանը մենք ենք: Եղե’ք ակտիվ ու մասնակից մեր շուրջ կատարվող երևույթների նկատմամբ, որ ձեզ բացակա չդնեն…
Հայտնիներ, հայտնվե’ք, որ մեր այգիները չանհայտանան»,- նշված է կոչում:
Հիշեցնենք, որ այսօր Մաշտոցի պուրակ էին այցելել հայտնի մարդիկ, քաղաքական հասարակական գործիչներ, հասարակ քաղաքացիներ, երեխաներ:
Ստորև ներկայացնենք այն մարդկանց խոսքը, ովքեր այցելել են Մաշտոցի պուրակ.
Հովհաննես (Հովո ) Ազոյանն ասել է. «Եթե չես տնկում ծառ, գոնե մի’ ոչնչացրու, դա վերադառնալու է այն մարդկանց, ովքեր անում են այս ոճրագործությունը ծառերի նկատմամբ»:
Հայկ (Հայկո) Մարության. »Ես շատ պարզ մի բան եմ ասում, դուք որտե՞ղ եք տանում ձեր երեխաներին զբոսնելու, ասում են հենց այս այգին, որովհետև իրոք միակն է մնացել… Կարելի է յուրաքանչյուր տարածք չբարեկարգել, հետո ինչ ուզել այնտեղ կառուցել: Փաստացի բարեկարգված չի, եկեք բարեկարգենք»:
Անահիտ Բախշյան. «Չարժի այդ մարդկանց համար մեր երիտասարդ քաղաքապետը, ում հետ շատ մեծ հույսեր ենք կապում, իր հեղինակությունը սասանվի, սա ապօրինի շինարարություն է»:
Նվեր Մնացականյան. «Կոչ կանեի բնության հետ համերաշխ ապրել, պահպանել որոշ նորմեր, կան բաներ, որ արդեն չի կարելի…»:
Արթուր Կիրակոսյան. «Բնության հետ համերաշխ և ներդաշնակ»:
Աշոտ Ադամյան. «Ցանկացած անօրեն շարժի դեմ բողոքողի կողքին ես պատրաստ եմ կանգնել, որովհետև դա սեփական արժանապատվության և իրավունքի արտահայտչամիջոց է»:
Երվանդ Մանարյան. «Պատմության բոլոր ընթացքներում այդպես է եղել` մեկը սարքել է, մյուսը` քանդել, հիմա ով որ ուժեղ է, նա էլ տերը կլինի… Իմացեք, որ դուք եք ուժեղը»:









































