«Առաջիկայում դրամի գրավչությունը և պահանջարկը մեծանալու են, տոկոսադրույքը բարձրանալու է: Այսօր դոլար-դրամի տոկոսադրույքների տարբերությունը զգալի է՝ մոտ 6 կետ: Դա բերելու է նրան, որ եթե տնտեսությունում ցնցումներ չլինեն, դրամային խնայողությունները շատանալու են»,- նման կանխատեսում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ արեց Բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանը՝ մեկնաբանելով «Առաջին լրատվական»-ի դիտարկումը, որ ԿԲ-ն այս տարի ակնկալում է դրամային ավանդների ավելացում և դոլարայնացման նվազում, մինչդեռ Policy Forum Armenia-ն իր զերկույցում դոլարայնացման մակարդակի բարձրացում է կանխատեսում:
Ա. Օսիպյանի խոսքով՝ եթե դրամի հանդեպ հավատը շարունակվի, ԿԲ պահուստավորման քաղաքականությունը կբերի նրան, որ դրամի գրավչությունը կմեծանա, և խնայողութունների մասով ավելացում կլինի: Մինչ այս որպես խնայողության միջոց ավանդաբար ունեցել ենք դոլարը, սակայն դրա տատանումներն այսօր շատ մեծ են, մեծ են նաև եվրոյի ցնցումները, կա նաև ոսկին:
«Այսօր դրամն ունի իր պատմական շանսը՝ որպես խնայողության միջոց հաստատվելու համար»,- ասաց Ա. Օսիպյանը՝ հավաստելով, որ բանկերի հանդեպ վստահությունը մեծանում է:
Ըստ նրա՝ նորմատիվային դաշտում յուրաքանչյուր փոփոխություն և խստացում դրական չի ընդունվում և բանկերի կողմից արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց ԿԲ-ում տեղաբաշխվող պարտադիր պահուստների նվազագույն չափի փոփոխության (9%-ը պետք է իրականացվի ՀՀ դրամով՝ նախկինում 6%-ի փոխարեն) արդյունքում դրամային ավանդները թանկացան, իսկ դոլարային վարկերն ու ավանդները էժանացան: ՀԲՄ նախագահի խոսքով՝ շուկան ցույց կտա, թե դոլարային վարկերի ինչ պահանջարկ կա, բանկերն ինչ հնարավորություն կունենան դրամային ավանդներ ներգրավելու: Նրա խոսքով՝ բանկերն արդեն միջազգային կառույցներից աշխատում են միջոցներ ներգրավել դրամով:
Անդրադառնալով համաշխարհային իրադարձություններին՝ Ա. Օսիպյանը նշեց, որ ճգնաժամի երկրորդ ալիք արդեն կա, այժմ ամբողջ աշխարհը սպասում է Հունաստանի խնդրի հանգուցալուծմանը, ԱՄՆ-ում վիճակն ավելի լավ է, քան ԵՄ-ում, իսկ եվրոն կմնա որպես արժույթ, թեև չի լինի այնքան ուժեղ, ինչպես այսօր է:
«Հայկական բանկերը նաև նայում են ասիական շուկաներին: Հայկական բանկային համակարգի համար ներուժ կարող է լինել նաև սփյուռքը»,- նկատեց Ա. Օսիպյանը:











































