Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկացի վերլուծաբան, Ղարաբաղյան հակամարտության հարցով փորձագետ Մարկ Դիթսենը Ռազմավարական ու միջազգային հետազոտությունների կենտրոնի կայքում հրապարակած իր հոդվածում անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում դիպուկահարների առկայության խնդրին.
«Շփման գծում գտնվող դիպուկահարները վտանգի տակ են դնում փոխզիջումային հենքով Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: 1994 թվականին կնքված հրադադարից հետո և ներկայումս դիպուկահարների կրակոցներից թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմից ամեն տարի զոհվում է մոտ 30 մարդ: Դրանով իսկ մեծանում է լարվածությունը, և ստացվում է, որ փոխզիջումը դառնում է դիպուկահարների թափած արյան հերթական զոհը:
Դժբախտաբար, հակամարտության ռազմական բնույթն աճում է դիպուկահարների կողմից հրադադարի ռեժիմի խախտման պատճառով, ինչը և խոչընդոտում է փոխզիջման հանգելուն: Շփման գիծն արդեն իսկ վերածվել է մահվան գծի: Եթե իրավիճակը չփոխվի, ապա կորստյան կմատնվեն Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վերջին հույսերը»:











































