Փետրվարի 17-ին Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցին ընդունել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ, ֆրանսախոս սոցիալիստ Անդրե Ֆլաուն:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ ՀՀ դեսպանը նշել է, որ միջխորհրդարանական ամուր կապերն երկկողմ հարաբերությունների կարևոր բաղադրիչն են: Այդ համատեքստում, ըստ դեսպանի, անհրաժեշտ է առավելագույնս օգտագործել երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական պատգամավորական խմբերի ներուժը:
Ներկայացուցիչների պալատի նախագահն իր հերթին կարևորել է Հայաստան-Բելգիա միջխորհրդարանական ակտիվ փոխգործակցությունն ու այդ ուղղությամբ տարվող ջանքերը:
խորհրդարանի ղեկավարի խնդրանքով ՀՀ դեսպանը ներկայացրել է ՀՀ ներքին և արտաքին քաղաքականության մարտահրավերները, անդրադարձել գալիք խորհրդարանական ընտրություններին:
Խոսելով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի մասին` ՀՀ դեսպանը ներկայացրել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ ընթացող բանակցությունների ընթացքը:
Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային բնույթի մի շարք այլ հարցեր:










































