Թուրքական Dünya Bülteni կայքի փոխանցմամբ՝ Պենտագոնն Իրանի վրա Իսրայելի հարձակման համար պատրաստել է համապատասխան պլան՝ ընդգծելով, որ դա իրականացնելը հեշտ գործ չէ:
Ըստ Պենտագոնի պլանի՝ Իսրայելն Իրանին հարված հասցնելու գործընթացում պետք է ներառի նվազագույնը 1000 մարտական ինքնաթիռ, որոնք պետք է ունենան ռմբային մեծ բեռնվածություն և նվազագույնը 1000 մղոն հեռահարություն: Դրանից ցածր տվյալներ ունեցող ինքնաթիռները չպետք է մասնակցեն այդ օպերացիային:
Իսրայելական ինքնաթիռները պետք է Իրանում ունենան 3 հիմնական թիրախ. Նաթանզի ու Ֆորդոի միջուկային օբյեկտները, Արաքի մոտ գտնվող ռեակտորը և Սպահանի ուրանի հարստացման գործարանը: Դրանց ոչնչացման համար Իսրայելը պետք է գործածի ամերիկյան GBU-28 տիպի ռումբեր, սակայն այն, որ դրանք կհասնեն նշանակման վայր, դեռ հարց է և կասկած է հարուցում:
Պլանում նշված է, որ իսրայելական ինքնաթիռները 3 տեղից կարող են հարված հասցնել այդ երեք թիրախներին. հյուսիսում՝ Թուրքիայի, հարավում՝ Սաուդյան Արաբիայի և կենտրոնում Հորդանանի ու Իրաքի տարածքից: Առավել հավանականը համարվում է կենտրոնական տարբերակը, քանի որ Թուրքիան և Սաուդյան Արաբիան չեն համաձայնի իրենց տարածքը տրամադրել իսրայելական ավիացիային:









































