ԱՄՆ-ն մարդու իրավունքներին անդրադառնալիս պետք է հաշվի առնի չինական առանձնահատկությունը, քանի որ «հագո՞վ են կոշիկները, թե՞ ոչ, գիտի միայն այն մարդը, ով կրում է դրանք»: ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպմանը հայտարարել է ՉԺՀ փոխնախագահ Սի Ցզինպինը:
«Այն, որ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև առկա են տարաձայնություններ՝ նորմալ է: Գլխավորը միմյանց հանդեպ փոխադարձ հարգանքը ու հավասարությունը պահպանելն է»,- ըստ Interfax-ի` ասել է Չինաստանի փոխնախագահը:
Փետրվարի 13-ին չինացի լրագրողների հետ ճեպազրույցում ՉԺՀ արտգործնախարար Յան Ցզենը մեջբերել է Սի Ցզինպինի՝ «հագո՞վ են կոշիկները, թե՞ ոչ, գիտի միայն այն մարդը, ով կրում է դրանք» խոսքերը:
Սի Ցզինպինը հայտարարել է, որ Չինաստանը պետք է կատարելագործի մոտեցումը մարդու իրավունքների պաշտպանության հարցում ու պատրաստ է այդ հարցի շուրջ երկխոսության ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ աշխարհի մյուս երկրների հետ:
Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, ՉԺՀ-ի փոխնախագահի հետ հանդիպմանը Բարաք Օբաման ու ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը սուր քննադատության էին ենթարկել Չինաստանին` մարդու իրավունքները ոտնահարելու համար:






































