Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ «Շահ Դենիզ» կոնսորցիումն այլևս չի դիտարկում դեպի Եվրոպա ադրբեջանական գազի արտահանման հարցում ITGI (Թուրքիա, Հունաստան, Իտալիա) գազատարի նախագծի հնարավորությունը: Այս մասին հայտարարել է «Շահ Դենիզ» կոնսորցիումի պաշտոնական ներկայացուցիչը:
Վերջինս ընդգծել է, որ իրենք ստացել են 4 առաջարկ՝ դեպի Եվրոպա ադրբեջանական գազի արտահանման երթուղիների շուրջ. «Դրանք են ITGI-ն, TAP-ը (Անդրադրիատիկ գազատար), Nabucco-ն ու SEEP-ը (Հարավ-արևելյան գազատար՝ առաջարկված BP-ի կողմից):
Դրանցից երկուսով (ITGI և TAP) նախատեսվում էր ադրբեջանական գազն արտահանել դեպի Իտալիա: Այժմ ITGI-ն դուրս է մնացել օրակարգից, իսկ TAP-ը դեռ օրակարգում է: Իսկ մյուս երկու նախագծերով (Nabucco ու SEEP) ենթադրվում է ադրբեջանական գազը հասցնել Կենտրոնական Եվրոպա: Այս երկու նախագծերից նույնպես պետք է ընտրվի մեկը, ինչից հետո էլ արդեն ընտրություն կկատարվի TAP-ի և հաղթած նախագծի միջև:
Nabucco-ի վերաբերյալ մենք ստացել ենք նորացված տարբերակ, որը ստացել է Nabucco-West անվանումը: Ինչ վերաբերում է SEEP-ին, ապա կոնսորցիումը գոհ է այդ նախագծից, քանի որ դրա տեխնիկական հետազոտություններն ու կոմերցիոն քննարկումները հաջող են ընթանում»:
Հիշեցնենք, որ «Շահ Դենիզ» գազային հանքավայրի մշակման երկրորդ փուլը մեկնարկելու է 2017 թվականին և սկզբնական շրջանում արդյունահանվելու է 16.6 միլիարդ խորանարդ մետր գազ, որից 6.6 միլիարդ խորանարդ մետրը հատկացվելու է Թուրքիային, իսկ մնացյալ 10 միլիարդը նրա տարածքով տարանցվելու է դեպի Եվրոպա:
Ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, որ ադրբեջանական գազն առաջին անգամ Եվրոպա կհասնի 2018-2020 թվականներին:







































