Մաշտոցի այգին տարիներ շարունակ բարձիթողի, լքված վիճակում էր, չէր մաքրվում, չէր բարեկարգվում: Դատարկ, անիմաստ տեղ էր դարձել, փոշու ու կեղտի բուն: Լավագույնն այն կլիներ, որ մնա որպես այգի: Քաղաքի միակ այգին է երևի մնացել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց երգչուհի Լիլիթ Պիպոյանը` անդրադառնալով Մաշտոցի պուրակի շուրջ ծավալված իրադարձություններին:
Նրա խոսքով` գոնե լավ կլիներ, որ այն քանդված ու համարակալված շենքերը, որ չգիտես` հիմա ուր են, բերվեին ու տեղադրվեին գոնե այդ անհեթեթ տաղավարների փոխարեն, եթե հարցը վերաբերում է մարդկանց աշխատանքով ապահովելուն:
«Այդ ապամոնտաժված տները գոնե այդտեղ տեղադրեն, մեջն էլ խանութներ լինեին, եթե հարցը դա է: Իհարկե, այդ կրպակները ատելի են»,- ասաց երգչուհին:
Նա զարմացած է, թե ինչո՞ւ քաղաքապետարանը չի կատարում իր այդ խոստումը, ո՞ւր են Հին Երևանի շենքերը, ո՞ւր է այդ ծրագիրը, որտեղ են քարերը:
«Կրպակները սարսափելի տգեղ են, անշնորհք են: Լավ, տեղահանել են Աբովյան փողոցից, բերել են այստեղ: Ինչո՞վ է Մաշտոցի այգին ավելի հարմար Աբովյան փողոցից, որ այդտեղ են տեղադրվելու: Չգիտեմ էլ` ինչ ասեմ»,- հռետորական հարց բարձրացրեց Լ. Պիպոյանը:









































