Policy Forum Armenia-ն (PFA) օրերս իր հրապարակած «Հայաստան. կանխենք տնտեսական աղետը» խորագրով զեկույցում նշում է, որ Հայաստանը սկսում է դասական վճարային հաշվեկշռի ճգնաժամի նշաններ ցույց տալ: Փոխարժեքի փաստացի ֆիքսված լինելը և վարվող կառուցվածքային քաղաքականությունը հանգեցնում են զգալի արտաքին անհավասարակշռության, որ ի վերջո կբերի փոխարժեքի կտրուկ արժեզրկման:
Ըստ հեղինակների գնահատականների՝ ՀՆԱ թեթևակի անկումը 2012-ին կարող է հանգեցնել պարտք/ՀՆԱ գործակցի ավելի քան 50%-ի (ներկայում 40% է): Քանի որ ՀՀ պարտքի մոտ 90%-ն արտահայտված է արտարժույթով, հեռանկարը ավելի վատ կլինի, եթե փոխարժեքը կտրուկ արժեզրկվի: 30% արժեզրկման պայմաններում ՀՀ պարտք/ՀՆԱ գործակիցը կհասնի 60%-ի: Այս 2 գործոնի համատեղ արտահայտության դեպքում (ՀՆԱ անկում և դրամի արժեզրկում) պարտք/ՀՆԱ գործակիցը կգերազանցի 70%-ը:
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «անհավանական» անվանեց դրամի 30%-ով արժեզրկումը. «Առաջիկա 1 տարվա ընթացքում բացարձակապես անհնար սցենար է»:
Սակայն նկատենք, որ դրամի 30% արժեզրկման հավանականության գաղափարը տվել է հենց կառավարությունը՝ ամիսներ առաջ իր պատվերով իրականացված արտաքին պարտքի կայունության վերաբերյալ վերլուծության մեջ: Դրա համար հիմք էր ընդունվել նաև նախկին փորձը, երբ 2009 թ. մարտին 1-ին օրվա ընթացքում դրամն արժեզրկվեց 21%-ով` ԱՄՆ դոլարի փոխարժեքը 305-ից հասցնելով 370-ի:
Գ. Մինասյանի խոսքով՝ եթե ՀՀ-ն 2012-2014 թթ. ունենա շուրջ 4% տնտեսական աճ, ապա պարտքի սպասարկման հետ կապված որևէ խնդիր չի ունենա և Միջնաժամկետ ծախսային ծրագրով դա նախատեսված է:
«Տնտեսական աճի նվազման կանխատեսումները հարափոփոխ են: Որոշ ժամանակ առաջ նաև ԱՄՆ համար էր նվազում կանխատեսվում: Այսօր ճիշտ հակառակը՝ ԱՄՆ-ում միտումները բավականին դրական են: Համաշխարհային տնտեսական աճի վերաբերյալ րոպեական գնահատականներ տալը, կարծում եմ, ճիշտ չէ: Իսկապես մենք գտնվում ենք բավականին բարդ իրավիճակում համաշխարհային առումով, և ես կարծում եմ՝ համաշխարհային տնտեսական աճի առաջիկա զարգացումների ռեալ կանխատեսումներն այսօր որևէ մեկը չի կարող անել»,- ասաց Գ. Մինասյանը:
Նա բացառեց, որ 2012-2014 թթ. պարտքի սպասարկման պատճառով քաղաքացու կյանքը կարող է վատանալ և հավաստիացրեց, որ ակնկալվող տնտեսական աճը կապահովի Միջնաժամկետ ծախսային ծրագրով այն բոլոր խնդիրների լուծումը, որոնք դրված են, այդ թվում՝ նաև արտաքին պարտքի սպասարկումը:
Մեր խնդրանքով անդրադառնալով զեկույցում հանքարդյունաբերության ոլորտին տրված գնահատականին՝ «ոլորտի կտրուկ ընդլայնումը, որն այժմ կառավարության առաջնահերթություններից է՝ նախկինում հաճո շինարարության փոխարեն, պետք է անմիջապես կասեցվի մինչև բյուջեի բոլոր հոսքերի ճանաչումը, որոշիչ ձեռնարկությունների սեփականատերերի կառուցվածքը թափանցիկ դարձնելը և վստահելի ու բավարար բնապահպանական երաշխիքներ հաստատելը», Գ. Մինասյանը զարմացավ. «Ինչո՞ւ կասեցնել»: Նա նշեց, որ յուրաքանչյուր երկիր փորձում է իր ռեսուրսները տնօրինել արդյունավետորեն, դա վերաբերում է բոլոր երկրներին, այդ թվում՝ նաև Հայաստանին: «Մեր արտահանմանն ուղղված տնտեսական քաղաքականությունը հենց այդ խնդրի լուծմանն է ուղղված: 11 ճյուղերը բավականին մեծ արտահանման ներուժ ունեն, և պետություն-մասնավոր համագործակցության արդյունքում առաջիկայում մենք պետք է բացենք բավականին լուրջ քանակի աշխատատեղեր և մեծացնենք մեր արտահանման հնարավորությունները: Այդ պարագայում մեր արտահանման սպեկտրում իրավիճակը էապես կփոխվի և հանքահումքային արդյունաբերությունը, մետաղագործությունն այդքան մեծ տեղ չի գրավի»,- ասաց Գ. Մինասյանը:
Հավելենք, որ միայն այս տարի ՀՀ պարտքի մարման ու սպասարկման համար բյուջեից նախատեսված է հատկացնել մոտ 402.6 մլն դոլար: 2011 թ. տարեվերջի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 1 տրլն 596 մլրդ դրամ կամ 4 մլրդ 138 մլն ԱՄՆ դոլար, որից ՀՀ կառավարության պարտքը կազմել է 1 տրլն 355 մլրդ դրամ կամ 3 մլրդ 511 մլն ԱՄՆ դոլար: Առաջիկա 3 տարիների ընթացքում՝ 2012-14 թթ., Հայաստանն իր արտաքին վարկատուներին պետք է մարի 1 մլրդ դոլարից ավելի՝ որպես մայր գումարի վերադարձ և տոկոսավճար, որից 600 մլն դոլարը՝ ԱՄՀ-ին:
Զեկույցի հեղինակները կարծում են, որ եթե տնտեսական քաղաքականության մեջ կտրուկ փոփոխություններ տեղի չունենան, ապա առաջիկա 3 տարիների ընթացքում դրամի զգալի արժեզրկման և/կամ արտաքին պարտքի դեֆոլտի հավանականությունը շատ բարձր է:








































