Եթե Հայաստանում մի այնպիսի հասարակական շարժում ստեղծվի, ուր մտավորականները կհավաքվեն երկրի ապագայի մտահոգությամբ, այլ ոչ թե «թայֆաների» օգտին հայտարարություններ անելու համար, ապա գրող, հրապարակախոս Կարինե Խոդիկյանն անպայման կանդամակցի այդ կառույցին: Այս մասին նա ասաց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով ՌԴ-ում կայանալիք նախագահական ընտրություններից առաջ ռուս արվեստագետների, մտավորականների կողմից ստեղծված «Ընտրողների առաջնություն» նախաձեռնությանը:
«Ռուսաստանում նախագահական ընտրությունները պետք է կայանան մարտի 4-ին, ուրեմն մինչ այդ առաջարկում եմ սպասել ու տեսնել՝ որքան բարձր կլինի այդ լիգայի օգտակար գործողության գործակիցը և ինչ ազդեցություն կունենա այդ կառույցն ընտրությունների ընթացքի վրա: Այդ ժամանակ էլ կարելի է մտածել: Ես, առհասարակ, ընդօրինակման կողմնակից չեմ. եթե Ռուսաստանում մի կառույց է ստեղծվում, պարտադիր չէ, որ Հայաստանում էլ դրա նմանօրինակը ստեղծվի: Բայց ցավոք սրտի, այսօր Հայաստանը Ռուսաստանի մանրակերտն է: Միաժամանակ, միայն մարտի 5-ին կերևա՝ որքանով անշահախնդիր և հասարակական պահանջով ստեղծված կառույց է լիգան:
Ես բավական երկար եմ ապրում, մի քանի ընտրություններ եմ անցել, որոնք ինձ առավել իրատես են դարձրել: Հիմա էլ կարծում եմ, որ արդար ու օրինական ընտրությունների միակ երաշխավորը պետք է լինի Սահմանադրությամբ իր վրա համապատասխան գործառույթ վերցրած նախագահը: Այս տարիները մեզ լավ դաս են տվել, որպեսզի ամեն խոսքի ու ելույթի չհավատանք»,- ասաց գրողը:
Ամփոփելով՝ Կարինե Խոդիկյանը նշեց, որ վերջին տարիներին Հայաստանում մտավորականի խոսքն արժեզրկվել է: «Ճիշտ է, Հայաստանում անաչառ լիգա ստեղծելը մի քիչ դժվար է, բայց եթե նման կառույցի կարիք լինի, ապա միայն կատարյալ ապուշը, տհասն ու իր քթից այն կողմ չտեսնողը չի ցանկանա, որ երկիրը դեպի առողջացում մեկ քայլ անի»,- ամփոփեց նա:









































