Ի՞նչ միամիտ են Գինեսի ռեկորդների գրքի աշխատակիցները, որ ընկել են աշխարհեաշխարհ ու ամենա-ամենաներ են փնտրում: Ինչպե՞ս չգիտեն, որ ընդամենը պետք է գալ թուխ ու ջղային ցեղի այս երկիրն ու ամբողջ Հայաստանը միանգամից ներառել չափազանցությունների այդ գրքում: Ախր բոլոր հարցերում, բոլոր չափումներում, բոլոր ոլորտներում ենք առաջատարը:
Հայաստանում է բացվել աշխարհի ամենաերկար ճոպանուղին: Այն 12 րոպեում մարդուն հասցնում է Տաթևի վանք, որը, ինչպես նկատել է ամենապատմամշակութային երկրի ամենանախագահը` «Իր ժամանակի ամենամրցունակ ճարտարապետական լուծումներից է եղել, Տաթևի համալսարանը ամենամրցունակ օջախներից, իսկ սուրբ Գրիգոր Տաթևացին իր ժամանակին աշխարհի ամենամրցունակ մտածողներից մեկն է եղել»:
Այստեղ են հայ հրուշակագործները չորս օր ու գիշեր կրակների մոտ չարչարվել ու պատրաստել 4 տոննա և 410 կիլոգրամանոց շոկոլադե սալիկ: Այնպես որ, սա նաև աշխարհի ամենամեծ ամենաշոկոլադե ամենասալիկի ամենաքաղցր երկիրն է:
Այս փոքրիկ երկրի կիսաքանդ փողոցների վրա են երթևեկում աշխարհի ամենամեծ մեքենաները: Համ էլ ո՞վ է ասել, թե մեր Հայաստանը փոքր երկիր է: Ճիշտ է, մեր երկրի սահմանագծի ընդհանուր երկարությունը 1422 կմ է, բայց մի մոռացեք, որ սա լեռնային երկիր է` անդնդախոր կիրճերով: Եթե չեմ սխալվում՝ մեր ամենաազնիվ քաղաքական գործիչն է ասել, որ պատկերացրեք՝ ինչ կլինի, եթե անտեսանելի գրտնակով շերտ-շերտ բացենք ու տարածենք մեր երկրի բոլոր խոյացումներն ու ծալքերը, թե որքան կմեծանա Հայաստանը. լավ ձգելու դեպքում Երկիր մոլորակի մի պատկառելի հատված կդառնա այլևս ոչ լեռնային, հարթ, բայց ընդարձակ երկիր Հայաստան:
Եթե որոշ հարցերում մեր սահմանած ռեկորդները համաշխարհային մակարդակով չէին, ապա գոնե տարածաշրջանի մակարդակով մենք գերազանցիկ ենք եղել մի՛շտ և հավիտյանս հավիտենից:
Կովկասյան մեր վագրը շարունակում է ահուսարսափի մեջ պահել տարածաշրջան ներթափանցած բոլոր կենդանիներին: Մե՛րն է տարածաշրջանի ամենամարտունակ բանակը: Մեր առյուծներն ամենամեծն են, մեր վանդակներն` ամենաամրակուռը: Մեր կուսակցություններն ամենամրցունակն են, այնքան, որ ամեն ընտրությունից առաջ 100 տոկոսը չի բավարարում նրանց վստահված ձայները չափելու համար:
Ինքներդ դատեք. մինչև վերջերս ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն էր ամենահամեստն ու ամենաանհավակնոտը՝ նա էլ երեկ վստահեցրել է, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններում կստանա ձայների 10-20 տոկոսը:
Հովիկ Աբրահամյանը ԲՀԿ-ի տրամադրությունը գցելու համար այսպես էր պնդել` «Ես` որպես ՀՀԿ-ի երկրորդ դեմք, հայտարարում եմ` 2012թ. խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ն է 50+1 տոկոս ձայն հավաքելու»:
Ի պատասխան այս սադրիչ հայտարարության` ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը ձեռնոց էր նետել ՀՀԿ-ին` ասելով. «Մենք ձգտելու ենք հավաքել 99.999 տոկոս»: Համոզվեցի՞ք, որ 100 տոկոսը հազիվ է բավականացնում ամենաբարգավաճ կուսակցությանը, այնպես որ, եթե շատ բարկանան, 100 տոկոսի շեմն էլ կհաղթահարեն: Մտքներին տեղ լինի:
Իսկ Բանն ի սկզբանե էր: Եվ ամեն բան նախ գլխի մեջ է պատահում` ծնվում որպես միտք և նոր միայն միս ու արյուն ստանում հողեղեն աշխարհում: Եվ երազանքն է պայմանավորում տվյալ ժողովրդի ուղերձն աշխարհին: Բայց երբ ուղերձիդ հանդեպ աշխարհը խուլ է, այլ բան չի մնում, քան երազանքներդ պտտեցնել տիեզերական չափումներում: Շարժման առաջին տարիներին Արարատի մարզում` ցեմենտի գործարանի մատույցներում, մերոնք վերցրին մի տարածք, որտեղից ուղիղ կապ պիտի հաստատվեր ուրիշ մոլորակների բնակիչների հետ: Թռչող ափսեների տիեզերանավակայանում վայրէջք պիտի կատարեին այլմոլորակայինները, պիտի կայանար նրանց ու շարժման ռոմանտիկների բաղձալի հանդիպումը: Արդյունքում` լուծվելու էր Ղարաբաղի կնճռոտ խնդիրն առանց կռիվ-պատերազմի: Իսկ ի՞նչն էր պակասում դրա համար` արդարությունը կար, շինանյութը կար, տիեզերական միջամտությունն էլ` վրադիր: Բայց տականք այլմոլորակայիններն այդպես էլ չեկան. հավանաբար նրանց հետ պահեց այն, որ մենք այդպես էլ համաձայնության չեկանք մի կարևոր հարցի շուրջ` հիմա մենք համաշխարհայի՞ն ազգ ենք, թե՞ սովորական:
Միայն մի ոլորտում է, որ հարևան Ադրբեջանը ոնց որ ուզում է առաջ ընկնել տարածաշրջանի վագրից: Ադրբեջանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Ալի Աբասովը օրերս հայտարարել էր, որ ադրբեջանական առաջին արբանյակի արձակումը տիեզերք տեղի կունենա 2012 թվականի վերջին: Բացի դա, ադրբեջանցիներն արդեն սկսել են երկրորդ արբանյակի նախագծման աշխատանքները, և չի բացառվում, որ երկրորդ արբանյակի արձակումն էլ տեղի ունենա 2012-ին: Զորի Գայկովիչ Բալայանի ականջն էլ` խուլ, բանից անտեղյակ, երկրային ծովերն էր հատում մինչև վերջերս: Չէ, այսպես չի լինի. պետք է մի հնարով «Արմենիա» նավը դարձնել տիեզերանավ ու, առաջ անցնելով ադրբեջանցիներից, տիեզերք թռցնել Զորի Գայկովիչին` նավապետին, բոցմանին, կոկին… Որքան էլ ֆանտաստիկ թվա այս գաղափարը, բայց պետք է, հասկանո՞ւմ եք… Էդ էր պակաս՝ ադրբեջանցիներն առաջ ընկնեն մեզնից:











































