Մարտի 4-ին Ռուսաստանում կայանալիք նախագահական ընտրություններին վարչապետ Վլադիմիր Պուտինի թեկնածությունը պաշտպանելու հարց ՀՀԿ-ում դեռևս չի քննարկվել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ ինքը տեղյակ չէ՝ առհասարակ նման քննարկում լինելու է, թե ոչ:
Նշենք, որ Մարտի 4-ին ՌԴ-ում կայանալիք նախագահական ընտրություններում այդ երկրի վարչապետ Վլադիմիր Պուտինի թեկնածությունը պաշտպանելու հայտարարությամբ է հանդես եկել Հայ-ռուսական հասարակական կազմակերպությունների միության նախագահ, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նա աջակցության մասին հայտարարությունը փետրվարի 13-ին փոխանցել է Պուտինի նախընտրական շտաբի ղեկավար Ստանիսլավ Գովորուխինին: Հայաստանի քաղաքական կուսակցությունների մեջ ԲՀԿ-ն երկրորդն է ՍԴՀԿ-ից հետո, որ հայտարարում է Վլադիմիր Պուտինին աջակցելու մասին: Ի տարբերություն Լյուդմիլա Սարգսյանի, ով կոչ էր արել ՌԴ քաղաքացի հայերին, ի փառս Հայաստանի, քվեարկել Վլադիմիր Վլադիմիրովիչի օգտին, Ծառուկյանն անձամբ իր անունից է հայտարարել Պուտինին աջակցելու մասին:








































