Լեգենդար Cirque du Soleil-ը յուրահատուկ համարով ելույթ կունենա «Օսկարի» մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությանը: Ելույթ կունենան Կանադայի կրկեսի տարբեր շոուներից ավելի քան 50 արտիստներ: Այս մասին հայտարարել են կինոակադեմիայի մամլո ծառայության աշխատակիցները:
«Ավելի քան 50 արտիստներ՝ Cirque du Soleil-ի մի քանի շոուից, որոնք ելույթ են ունենում ամբողջ աշխարհում, կհավաքվեն Լոս Անջելեսում «Օսկարի» մրցանակաբաշխությանը, որպեսզի կյանքի կոչեն իրենց դինամիկ, զարմանալի գաղափարը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Կրկեսային ելույթը կուղեկցվի օսկարի հավակնորդ Դեննի Էլֆմանի երաժշտությամբ, ով նախկինում արդեն երաժշտություն է գրել կրկեսի համար (IRIS, A Journey through the World of Cinema):
Օսկարի մրցանակաբաշխությանը այս ելույթը կդառնա երկրորդը կրկեսի համար: Առաջին անգամ կրկեսի արտիստները «Կոդակ» թատրոնում ելույթ են ունեցել «Օսկարի» 74-րդ արարողությանը:
Մրցանակաբաշխությունը տեղի կունենա Լոս Անջելեսում՝ փետրվարի 26-ին: Արարողությունը կհեռարձակվի աշխարհի ավելի քան 225 երկրներում:










































