Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանին զարմացնում է խորհրդարանի խոսնակ Սամվել Նիկոյանի այն հայտարարությունը, թե ԱԺ-ն պետք է խորացնի քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունը: Այս մասին նա ասաց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում՝ հավելելով, որ իշխանություններն իրենց հ/կ-ների հետ «շատ լավ էլ աշխատում են»:
«Չգիտեմ՝ Սամվել Նիկոյանն ում նկատի ունի: Եթե իրենք իրենց հ/կ-ներով չեն կարողանում աշխատել, դա այլ խնդիր է: Ես իրենց կարող եմ ցույց տալ՝ ինչպես պետք է նորմալ աշխատել: Ինչ վերաբերում է նրա հայտարարության այն հատվածին, ուր ասվում է, որ քաղաքացիական հասարակությունը պետական շահերին վերաբերող հարցերի շուրջ ավելի միաձայն հանդես գալու կարիք ունի, ապա Սամվել Նիկոյանը, ճիշտ կլինի, մտածի իր Ազգային ժողովի մասին: Պետական շահերով պետք է զբաղվի ԱԺ-ն, այլ ոչ՝ քաղաքացիական հասարակությունը: Խորհրդարանի խոսնակը երևի տեղյակ չէ, որ քաղաքացիական հասարակության ամենակարևոր գործն իշխանություններին փնովելն է: Միայն այդ դեպքում քաղաքացիական հասարակությունը քաղաքացիական հասարակություն կլինի»,-ամփոփեց իրավապաշտպանը:
Նշենք, որ «Մասնակցային ժողովրդավարություն. Քաղաքացիական հասարակության դերը» թեմայով խորհրդաժողովի ժամանակ ՀՀ խորհրդարանի խոսնակ Սամվել Նիկոյանը հայտարարել է, որ Հայաստանի քաղաքացիական հասարակությունը ավելի լավ ինքնակազմակերպման և պետական շահերին վերաբերող հարցերի շուրջ ավելի միաձայն հանդես գալու կարիք ունի: Բացի այդ, Նիկոյանը նկատել է, որ ԱԺ-ն պետք է խորացնի քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունը:










































