Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանում այս տարվա միասնական ազգային քննություններ հանձնելիս հայ և ադրբեջանցի դիմորդները կօգտվեն հատուկ քվոտաներից: Այս մասին հայտնել է Վրաստանի կրթության նախարարության մամլո ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ ապագա ուսանողները իրավունք կստանան ընդհանուր գիտելիքների վերաբերյալ քննությունը հանձնել մայրենի լեզվով (հայերեն ու ադրբեջաներեն), որի հիման վրա նրանք կներգրավվեն նախապատրաստական կուրսերում:
Նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առաջարկած ծրագրով մեկ տարվա ընթացքում ուսանողներն անցնելու են վրացերենի ինտենսիվ դասընթացներ, իսկ հաջորդ տարում ուսումը կշարունակեն իրենց նախընտրած ֆակուլտետում:
Ուսանողները կստանան պետական ֆինանսավորում՝ ընդհանուր գիտելիքների վերաբերյալ հանձնած քննության ժամանակ հավաքած միավորներին համապատասխան: Այդ ֆինանսավորումը կշարունակվի հետագա ուսման ընթացքում:
Նշվում է, որ ծրագիրը գործարկվել է նախորդ տարի: Ծրագրին մասնակցել է մոտ 300 ուսանող:









































