Հրապարակապոս, գրող Վահրամ Սահակյանի vraert.com կայքը հեղինակի ծանր հիվանդության պատճառով անորոշ ժամանակով դադարեցրել է իր աշխատանքները:
Կասեցվել են նաև Վահրամ Սահակյանի էջերը բոլոր սոցիալական ցանցերում, դադարեցված են հոդվածները մամուլում, մասնակցությունը հեռուստատեսությամբ։
Արձակագիր Էդգար Կոստանդյանն այսօր իր kostandyanblog-ում տեղեկություն է զետեղել, որտեղ մասնավորապես ասված է, որ վաղ առավոտից ստացել է 1000-ից ավելի էլեկտրոնային նամակներ ու քանի որ չի կարող բոլորին պատասխանել, հայտարարում է, որ այս պահի դրությամբ արձակագիր Վահրամ Սահակյանի առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության: Նրա մոտ հայտնաբերվել է գլխուղեղային վնասվածք:
«Այժմ նա գտնվում է իր բնակարանում, սակայն բժիշկների հսկողության տակ: Բոլոր տեսակի խոսակցություններին վերջ դնելու համար ցանկանում եմ ասել, որ Վահրամի կյանքին ոչ մի վտանգ չի սպառնում, որքան էլ որ վիճակը դեռ կայուն չէ»,- հայտարարում է Է, Կոստանդյանը:
Ինչ վերաբերում է vraert.com-ին, ապա նա հայտնում է, որ Վահրամ Սահակյանն այս պահին ի վիճակի չէ զբաղվել կայքի աշխատանքներով:
Նա հերքել է շրջանառվող լուրերը, թե Վահրամ Սահակյանի կայքը չի գործում որոշ ուժերի ճնշման ներքո:
«Դրանք հերյուրանք են և չեն համապատասխանում իրականությանը: Կայքը փակված չէ, ուղղակի անորոշ ժամանակով դադարեցված են նրա աշխատանքները»,- ասել է նա:







































