Ապարանցի 24-ամյա Վարուժը հոգնել էր միապաղաղ կյանքից և հայրենի Գեղարոտի արոտավայրերը թողած` Գեղարոտից իջել էր քաղաք` չփլախ աղջիկ տեսնելու: Բայց ոչ միայն…
Բանն այն է, որ Վարուժան Ամիրխանյանը «Դրուժբա.ամ»-«Օդնոկլասնիկի.Ռու» սոցիալական կայքերի միջոցով ծանոթացել էր երևանաբնակ Ալլայի հետ և որոշել հատուկ նպատակներով հանդիպել նրան: 2011թ. օգոստոսի 17-ին հանդիպել են «Այրարատ» կինոթատրոնի մոտ: Մի քիչ զբոսնել են, հետո որոշել ժամանակ անցկացնել ինտիմ մթնոլորտում: Գնացել են Խանջյան փողոցում գտնվող «Արմինկա-Պետրոսյաններ» ՍՊԸ-ին պատկանող «Արմին» բար: Հարմար տեղավորվել են բարի առանձնասենյակներից մեկում, մի քանի բան պատվիրել, և ով գիտի` Ալլայի ականջին Վարուժն ինչ է ասել կամ արել, որ աղջիկը էքստազի մեջ, առանց հետին մտքերը կարդալու` ընդունել է Վարուժի առաջարկը. երևի մտածելով` ապարանցի, մաքուր հոգով, մտքով տղա է, առանց երկմտելու մերկացել է: Դե Վարուժն էլ, քանի որ «մաքուր» հոգով տղա է եղել, դատաքննական նյութերից երևում է, որ սեռական բռնություն չի գործադրել, ընդամենը հաճելին օգտակարի հետ համատեղելու նպատակով վերցրել է իր բջջային հեռախոսը և տարբեր դիրքերից նկարահանել ինքնաբուխ մերկացած Ալլային:
Հաջորդ օրը Վարուժը կապվել է իր զոհի հետ ու ասել, որ եթե վերջինս իրեն 70.000 դրամ չտա, ինքը կհրապարակայնացնի այդ նկարները: Համարյա Անժելա Սարգսյանի պատմությունն է` առանց հրապարակայնացման: Ի տարբերություն շատ տարածված այդ երևույթի տարատեսակների, երբ կինը կամ աղջիկը նման խայտառակությունից խուսափելու համար շարունակում է շանտաժի ենթարկվել և տանից գումարներ գողանալ, պարտքերի մեջ խրվել ու ստացած գումարը տալ իր դահճին, միայն թե ոչ ոք չիմանա իր սեռական «հերոսությունների» մասին, Ալլայի դեպքում այդպես չի եղել, ու Վարուժի բախտն էլ չի բերել. ամենայն հավանականությամբ Ալլան Վարուժի պահանջած գումարը չի ունեցել և փոխարենը իր բջջային հեռախոսն է տվել, բայց արի ու տես, որ գործին խառնվել են աղջկա ծնողները: Երեք օր անց քրեական գործ է հարուցվել շորթման փաստով (ՀՀ քր.օր.-ի 182-րդ հոդ. 1-ին մաս), և Վարուժան Ամիրխանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, իսկ մեկ շաբաթ անց՝ ձերբակալվել: Օգոստոսի 29-ին խափանման միջոցը փոխարինվել է 1 մլն դրամ գրավով:
Դեկտեմբերի 20-ին էլ, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ Արշակ Վարդանյանի, արագացված դատաքննության կարգով մեղավոր էր ճանաչել Վարուժան Ամիրխանյանին` դրամաշորթության մեջ և պատիժ նշանակելիս հաշվի առել պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները: Մասնավորապես այն, որ ամբաստանյալ Վարուժան Ամիրխանյանը կատարել է միջին ծանրության հանցանք, որում անկեղծորեն զղջացել և իրեն լիովին մեղավոր է ճանաչել, նախկինում դատապարտված չի եղել, բնութագրվում է դրականորեն: Դատարանը հաշվի է առել նաև ամբաստանյալի վատառողջ լինելը, որի կապակցությամբ էլ դեռևս 2007թ. օգոստոսի 16-ին Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի որոշմամբ զորացրվել է ժամկետային զինվորական ծառայությունից, և որ այդ ամենը, դատարանի գնահատմամբ` ողջամտորեն նվազեցնում է Ամիրխանյանի անձի հանրային վտանգավորությունը, ուստի անհրաժեշտ է համարել նշանակել պատիժ` առանց հասարակությունից նրան մեկուսացնելու:
Դատարանը Վարուժան Ամիրխանյանին տուգանել է 500.000 դրամի չափով` առանց «տուգանային հրապարակ» տանելու: Ի դեպ, նշյալ` 182 հոդվածի 1-ին մասը (շորթումը` անձի կամ նրա մերձավորի մասին արատավորող կամ անձի կամ նրա մերձավորի իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու, … սպառնալիքով ուրիշի գույքը կամ գույքի նկատմամբ իրավունքը հանձնելու կամ գույքային բնույթի այլ գործողություններ կատարելու պահանջը) նախատեսում է պատիժ` տուգանք` նվազագույն աշխատավարձի 400-ապատիկից 800-ապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով:
Սակայն մեղադրողին այդ պատիժը մեղմ է թվացել, և նա վերաքննիչ բողոք է ներկայացրել երկրորդ ատյան` պահանջելով նշանակել կատարած հանցագործության բնույթին, հասարակական վտանգավորությանը համաչափ պատիժ` ազատազրկման ձևով :







































