Իսրայելի ղեկավարությունը չի կարողանում միասնական դիրքորոշում ձևավորել Սիրիայում կատարվող իրադարձությունների վերաբերյալ: Այս մասին հայտնում է «Հաարեց» թերթը:
Թերթի տեղեկատվության համաձայն՝ Իսրայելի ԱԳՆ–ը պահանջում է դատապարտել սիրիական վարչակարգը և պահանջել Ասադի հրաժարականը:
Դիվանագետները պնդում են, որ այն բանից հետո, երբ Ասադը քննադատվել է ՄԱԿ-ի, եվրոպական երկրների, ԱԵԼ-ի, ԱՄՆ-ի կողմից, Իսրայելը պետք է հստակ կողմնորոշում ունենա, հակառակ դեպքում արաբական աշխարհում կմտածեն, որ Իսրայելն օժանդակում է «մսագործ Ասադին»:
Սակայն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը կարծում են, որ Ալ-Ասադին դատապարտելը կհանգեցնի այլ ասեկոսեների, մասնավորապես՝ որ Սիրիայի ընդվզումները կազմակերպել է Իսրայելը:
Թերթի աղբյուրը, ով ցանկացել է անհայտ մնալ, ասել է. «Սիրիայում իրավիճակը շատ բարդ է: Մենք չենք օժանդակում կողմերից ոչ մեկին»:










































