Այսօր Ֆլորիդա նահանգում Վիետնամի պատերազմի վետերան, 57-ամյա Թոմ Հոլովեյը ծանր վնասվածքներ ու այրվածքներ է ստացել` բերանի մեջ պայթած էլեկտրոնային ծխախոտի պատճառով: Պայթյունը ջարդել էր նրա բոլոր ատամներն ու պատռել լեզվի մի մասը:
Տուժածի կինը պայթյունի ձայնը, ապա մյուս սենյակում գտնվող ամուսնու աղաղակները լսելով՝ շտապել է նրա մոտ և նրան գտել ամբողջությամբ արյան մեջ: Նա անմիջապես շտապօգնություն և հրշեջ ծառայություն է կանչել:
Հրշեջների խոսքերով՝ հնարավոր չէ պարզել պայթող սարքի ապրանքանիշը: Հրշեջ ծառայության ղեկավար Ջոզեֆ Պարկերը, ով ժամանել է դեպքի վայր, ենթադրել է, որ պայթյունի պատճառ կարող էր լինել անսարք մարտկոցը: «Ես նախկինում երբեք նման բան ոչ տեսել եմ, ոչ էլ լսել»,- ասել է հրշեջը Fox News-ի հետ զրույցում:
Թոմ Հոլովեյը էլեկտրոնային ծխախոտներ սկսել է ծխել 2 տարի առաջ`փորձելով թողնել սովորական ծխախոտ ծխելը: Այժմ տղամարդը գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժնում:
Էլեկտրոնային ծխախոտներ արտադրող Tobacco Vapor Electronic Cigarette Association ասոցիացիայի համահիմնադիր Թոմաս Կիկլասը պարբերականին հայտարարել է, որ էլեկտրոնային ծխախոտների պայթյունի դեպքեր իր պրակտիկայում դեռ չէին եղել: Նա հավելել է, որ անցյալ տարվա տվյալներով, էլեկտրոնային ծխախոտներից օգտվել է մոտ 2.5 մլն ամերիկացի, և ոչ մի բողոք կամ նմանատիպ դեպք չի եղել, միայն դրական արձագանքներ:










































