РИА Новости-ի փոխանցմամբ՝ փետրվարի 24-ին Թունիսում կայանալու է այսպես կոչված «Սիրիայի բարեկամներ»-ի հանդիպումը: Դրանում Թուրքիան ներկայացնելու է սիրիական ճգնաժամի կարգավորման նոր պլան: Թուրքիայի այդ մտադրության մասին նախորդ շաբաթ Թուրքիայի խորհրդարանում ազդարարել է վարչապետ Ռեջեփ Էրդողանը:
Թուրքական մամուլը գրում է, որ Թուրքիայի այդ առաջարկը ներառում է Սիրիայից հումանիտար միջանցքի ստեղծումը, Ասադի ռեժիմի վրա դիվանագիտական ճնշման մեծացումն ու սիրիական ընդդիմության կազմակերպումը: Միևնույն ժամանակ նշվում է, որ Թուրքիան դեմ է Սիրիայից դեպի իր տարածք մարդասիրական միջանցքի բացմանը և ավելի նպատակահարմար է համարում դա ստեղծել Արևելյան Միջերկրածովում:
Մասնավորապես, Անկարան նախատեսում է տվյալ գործընթացում ներգրավել այդ ավազանում գտնվող նավերը և Կիպրոսում Մեծ Բրիտանիայի երկու ռազմաբազաները: Փետրվարի 13-ին Վաշինգտոնում Հիլարի Քլինթոնի հետ ունեցած հանդիպման ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն այս մասին իրազեկել է նրան:








































