ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանում Իրանի դեսպան Մուհամեդ Ռեզա Սաջադին հայտարարել է, որ ԱԷՄԳ-ը հետախուզում է Իրանի ոչ թե միջուկային, այլ՝ ռազմական պոտենցիալը.
«Չեմ բացառում, որ ԱԷՄԳ-ն արդեն իսկ հետախուզում է մեր երկրի ոչ թե միջուկային, այլ՝ ռազմական պոտենցիալը: Դրա համար էլ նրա տեսուչներին թույլ չտրվեց այցելել Փարչինի օբյեկտ: Փարչինը դա ոչ թե միջուկային, այլ ռազմական օբյեկտ է: Ժամանակին մենք ԱԷՄԳ-ի տեսուչներին թույլ ենք տվել այցելել Փարչին: Այնտեղ նրանք չգտան միջուկային որևէ բան»:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի կեսերին Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության գծով Իրանի խորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահ Իսմայիլ Կոսարին հայտարարել էր, որ ԱԷՄԳ-ի մի շարք տեսուչներ լրտեսներ են.
«Իրանական միջուկային օբյեկտներ այցելելուց հետո ԱԷՄԳ-ի համապատասխան զեկույց պատրաստելուց առաջ այդ անձինք իրանցի գիտնականների ու միջուկային օբյեկտների անձնակազմի ներկայացուցիչների վերաբերյալ տեղեկատվություն են տալիս արևմտյան երկրների հատուկ ծառայություններին»։








































