«Ունենք քաղաքական կառավարություն, և ես կառավարությունում ընդգրկված եմ Հանրապետական կուսակցության քվոտայով: Դա նշանակում է, որ ես իրականացնում եմ ՀՀԿ քաղաքականություն ինձ վերապահված ոլորտում»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը` պատասխանելով հարցին, թե չի՞ պատրաստվում արդյոք անդամակցել ՀՀԿ-ին:
Նա նշեց, որ այս պահին անկուսակցական է, երբ կուսակցական դառնա, անպայման կտեղեկացնի: «Ինձ նման հորդոր, պահանջ… պահանջ չէր էլ կարող լինել և չի եղել»,- շեշտեց Հ. Թովմասյանը:
Նախարարի խոսքով` պատգամավորական աշխատանքը և ընդհանրապես այն բոլոր աշխատանքները, որոնք կապված են իրավական ոլորտի հետ, հոգեհարազատ են իրեն, սակայն իրեն դեռ տեսնում է նախարարի պաշտոնում:











































