Բրիտանացի դերասան Հյու Գրանտը, որը վերջին շրջանում գրեթե չի նկարահանվում, համաձայնել է մասնակցել Էնդի ու Լանա Վաչովսկիների և Թոմ Տիկվերի «Ամպամած ատլաս» (The Cloud Atlas) նախագծին, որը պետք է նկարահանվի աշնանը Բեռլինում և քաղաքի մերձակայքում: Այս մասին նշված է Collider.com ռեսուրսում:
«Ամպամած ատլասը» Ջոն Միտչելի համանուն ֆանտաստիկ վեպի էկրանավորումն է լինելու: Գիրքը մեծ սենսացիա էր առաջացրել 2004 թ.:
Այն պատմվում է 6 կերպարների` 19-րդ դարի նոտարիուսի, որը Ավստրալիայից գնում է ԱՄՆ, երաժիշտ կոմպոզիտորի, որը Եվրոպայում ստիպված է վաճառել մարմինն ու հոգին երկու պատերազմների ընթացքում, 1970-ականների կալիֆոռնիաբնակ մի լրագրողի, մեր օրերի հրատարակչի, որը իր հարստությունը վաստակել է բանդիտական ճանապարհով, մատուցողուհու և այծարածի անունից:
Երկար ժամանակ համարվում էր, որ վեպն էկրանավորելն անհնար է, սակայն «Մատրիցայի» ստեղծող Վաչովսկին գտել է վեպն էկրանավորելու եղանակը:
Ֆիլմի գլխավոր դերերում հրավիրել են Թոմ Հենքսին, Հոլլի Բերիին, Սյուզան Սարանդոնին, Հյուգո Ուիվինգին, Ջիմ Բրոաուդբենթին և բրիտանացի դերասան Բեն Ուիշոյին:
Բոլորն էլ պետք է մարմնավորեն միանգամից մի քանի կերպար` տարբեր տարիքի ու տարբեր ազգությունների:
«Այս ապշեցուցիչ, հավակնոտ ֆիլմում ես կմարմնավորեմ 6 կերպար: Ես շատ եմ սպանում, բռնություններ գործադրում, հայտնվում եմ տարբեր գրիմով: Դուք, հնարավոր է, ընդհանրապես ինձ չճանաչեք»,- հայտարարել է Գրանտը Empire ամսագրին տված հարցազրույցում:
Դերասանի մասնակցությամբ վերջին ֆիլմը` «Դուք լսե՞լ եք Մորգան ամուսինների մասին» (Did You Hear about the Morgans?), էկրան է բարձրացել 2009 թ.։









































