Հայաստանում հայտարարվում է գայլերի որսաշրջանի նոր մեկնարկ: Ընդ որում՝ նախորդ որսաշրջանի 100 գայլի փոխարեն այս տարի հայտարարվում է 200 գայլի որս: Ոչնչացման ենթակա գայլերի թվի կրկնապատկումը պայմանավորված է նրանով, որ Հայաստանի տարածքում վերջին տարիներին նկատվում է գայլերի թվաքանակի կտրուկ աճ, որն արտահայտվում է հանրապետության տարբեր համայնքներում գայլերի հարձակումներով՝ ինչպես ընտանի կենդանիների, այնպես էլ մարդկանց վրա:
Սա առաջացրել է ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլ նաև բնապահպանական լուրջ խնդիրներ, ինչը, օրինակ, վերջին տարիներին արձանագրվում է «Խոսրովի անտառ» և «Շիկահող» պետական արգելոցներում մի շարք կենդանատեսակների, այդ թվում` ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակներին հասցված վնասով: Ենթադրվում է, որ 200 գայլերի որսը կվերականգնի էկոլոգիական հավասարակշռությունը:
2012 թ. ընթացքում որսած գայլերի դիմաց պարգևատրման գումարները վճարելու հետ կապված ծախսերը փոխհատուցելու համար վաղը կառավարությունը որոշում կընդունի բնապահպանության նախարարությանը պահուստային ֆոնդից 20 մլն դրամ հատկացնելու մասին: Այսինքն, մեկ գայլը գնահատվում է 100 հազար դրամ:








































