Թուրքական Anadolu գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Իսրայելի փոխվարչապետ Սիլվան Շալոմը հայտարարել է, որ Թուրքիայի ու Իսրայելի միջև լավ հարաբերությունների առկայությունը շահավետ է ոչ միայն երկու երկրների ժողովուրդների, այլև՝ ընդհանրապես տարածաշրջանի համար.
«Երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունները ձևավորվել են ոչ այսօր և անգամ ոչ էլ երեկ: Դրանք ձևավորվել են 1951 թվականին: Թուրքիան Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատած առաջին մուսուլմանական երկիրն է: Իսրայելը մշտապես Թուրքիան դիտարկել է որպես տարածաշրջանում իր ռազմավարական գործընկեր:
Դժբախտաբար, այսօր մեր հարաբերությունները հեռու են կատարյալ լինելուց: Եթե ինձ հարցնեն, թե ինչպիսին են երկկողմանի հարաբերությունների կարգավորման հեռանկարները, կպատասխանեմ ամերիկյան ասացվածքով. «Տանգոն մենակ չեն պարում»:
Դրա համար էլ մեր երկրները պետք է ջանքեր գործադրեն իրենց հարաբերությունների կարգավորման համար: Իսրայելը հանդես է եկել և հանդես է գալիս Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման օգտին: Բայց քանի դեռ Թուրքիան «Ազատության նավատորմի» միջադեպի կապակցությամբ պնդում է ներողություն խնդրել, մենք չենք կարող հասնել համաձայնության»:











































