Զեկույցում ասվում է, որ Ուիթնի Հյուսթոնի Բևեռլի Հիլզի Հիլթոն հյուրանոցի հյուրանոցային սենյակում դեղատոմսով նշանակվող դեղերի շշեր են հայտնաբերվել:
TMZ-ն հաղորդում է, որ ոստիկանությունը հայտնաբերել է տարբեր դեղերի շշեր` ավելացնելով, որ երգչուհու ընտանիքի անդամներն ասել են, որ երգչուհին ընդունել էլ Xanax դեղամիջոցը, որն օգտագործվում է անհանգստության դեպքում:
Xanax-ը կարող է վտանգավոր լինել` ալկոհոլի հետ օգտագործելու դեպքում: Ըստ տարբեր հաղորդումների, Հյուսթոնին հայտնաբերել են լոգարանի մեջ, իսկ նրա գլուխը եղել է ջրի տակ: Բժիշկները փորձել են ուշքի բերել նրան, բայց նրանց փորձերը հաջողությամբ չեն պսակվել:
Հյուսթոնի սենյակում ալկոհոլ չի հայտնաբերվել, բայց հայտնում են, որ երգչուհին դրա նախորդ գիշերն ալկոհոլ է օգտագործել ընկերների հետ: Հյուսթոնը նաև ներկա է գտնվել Գրեմմիի փորձերին, և մարդիկ հայտնում են, որ նա իրեն այնքան էլ լավ չի զգացել, հնարավոր է եղել նրա վրայից զգալ ծխախոտի և ալկոհոլի հոտը:
Հյուսթոնի մարմինը հյուրանոցից հեռացրել են այսօր առավոտյան: Ուիթնի Հյուսթոնը 48 տարեկան էր: