Լեռնային Ղարաբաղում պատրաստվում են վերակենդանացնել ՈՒՀԱ–ն` «Ուրախների և հնարամիտների ակումբ»–ը:
Ինչպես ИА REGNUM-ի թղթակցին հայտնել է ԼՂՀ-ի ՈւՀԱ-ի ասոցիացիայի անդամ Դավիթ Վանյանը, փետրվարի վերջին նախատեսվում է սկսել մրցույթ, որի արդյունքում էլ կստեղծվի ՈւՀԱ–ի Լեռնային Ղարաբաղի լիգան: Մրցույթին կմասնակցեն ինչպես մայրաքաղաք Ստեփանակերտի, այնպես էլ հանրապետության տարբեր շրջանների ներկայացուցիչները։
ՈւՀԱ-ի հանրապետական և Ստեփանակերտի լիգաները Լեռնային Ղարաբաղում գործել են դեռ 1998 թվականից, սակայն, շուտով, ստիպված են եղել դադարեցնել իրենց գործունեությունը՝ հիմնականում նյութական և համապատասխան կառույցների անբավարար աջակցության պատճառով: Այնուամենայնիվ, ղարաբաղյան առանձին ՈւՀԱ-ականներ 2004 թվականից ակտիվորեն մասնակցել են տարբեր մրցույթների՝ Հայաստանի ՈւՀԱ-ի հավաքականի թիմում: Մասնավորապես, Ստեփանակերտից Դավիթ Վանյանը և Վլադիմիր Գասպարյանը հաջողությամբ հանդես են եկել Հայաստանի և սփյուռքի ներկայացուցիչներից կազմված թիմում՝ սույն թվականի հունվարի 12-23–ը Սոչի քաղաքում КВН-2012 XXIII Միջազգային փառատոնի շրջանակներում: Փառատոնին մասնակցում էին Ռուսաստանի տարբեր քաղաքների և այլ երկրների 700 մասնակիցներ:
Ղարաբաղյան ՈւՀԱ-ի անդամների մասնակցությունը Սոչիի փառատոնին կայացել է ԼՂՀ նախագահի աջակցությամբ:
«Ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել նախագահ Բակո Սահակյանին մեր ուղևորությունը ֆինանսավորելու համար: Սոչիում մենք ստացանք բազմաթիվ հրավերներ, մեզ խորհուրդ տվեցին հանդես գալ առանձին թիմով և մեզ մոտ կազմակերպել միջազգային մրցույթներ: Եվ հաջորդ КВН-2013-ին մենք մտադիր ենք հանդես գալ առանձին թիմով»,- նշել է Վանյանը:
Նրա խոսքերով` Լեռնային Ղարաբաղում ՈւՀԱ-ի վերածնունդը կնպաստի երիտասարդների մտավոր զարգացմանը, շփմանը և համախմբվածությանը:









































