Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Հուլուսի Քըլըլչը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթգծի կառուցմանը.
«ԲԹԿ-ն շահագործման է հանձնվելու 2013 թվականի հոկտեմբերի 29-ին (Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 90-ամյա տարեդարձի օրը.- 1in.am): Այդ նախագիծը հնարավորություն կընձեռի երկաթուղային ճանապարհով միմյանց կապել Պեկինն ու Լոնդոնը: Դա դարի ամենահաջող նախագծերից մեկն է: Ես շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր մասնակցել են այդ նախագծին»:
Հիշեցնենք, որ 2007 թվականի փետրվարի 7-ին Վրաստանի մայրաքաղաքում Հայաստանի չորս հարևաններից երեքը՝ Վրաստանը, Ադրբեջանը և Թուրքիան, ստորագրեցին «Թբիլիսյան հռչակագիրը»՝ միմյանց միջև հաղորդակցային և էներգետիկ համագործակցության խորացման մասին:
Երկաթգծի թողունակությունը մոտ հեռանկարում կազմելու է տարեկան 25-30 միլիոն տոննա բեռնափոխադրություն («Գյումրի-Կարս» երկաթգծի դեպքում այդ ցուցանիշը կազմում էր 10 միլիոն տոննա), իսկ ներկայումս՝ 17 միլիոն տոննա։
Ի դեպ, 2013 թվականի սկզբին էլ մեկնարկելու է Կարս-Իգդիր-Նախիջևան (ԿԻՆ) երկաթգծի կառուցումը:











































